Հունվարի 26-ին տեղի ունեցավ «հայrate» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։
Արդեն 3-րդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Գրանթ Թորնթոն Հայաստանի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում։ Մրցանակաբաշխությունը իր ուրույն տեղն է գտել մարդկային ռեսուրսների համայնքի տարեկան միջոցառումների շարքում և ամրապնդել իր կարևորությունը գործատու–բուհ հարաբերությունների կառուցման բնագավառում։
Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 1000 ուսանողներ՝ ազատորեն արտահայտելով իրենց կարծիքը և նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:
Պետք է փաստել, որ այս տարի ուսանողները նշել են բազմաթիվ կազմակերպություններ՝ առանձնացնելով նաև իրենց ընտրության պատճառները։ Որպես հետազոտական նյութ կազմակերպիչների կողմից կարևորվել է ոչ միայն բուն մրցանակաբաշխությունը, այլև ուսանողների կողմից տարբեր ընկերությունների ընկալման դինամիկ փոփոխությունները և տենդենցները։
Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10 ընկերության անունները: Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել է «ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը:
Այսպիսով, առաջին հորիզանականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝
- Դիջիթեյն,
- Պիքսարտ,
- Ամերիաբանկ,
- Սոֆթ Կոնստրակտ,
- Կենտրոնական բանկ,
- Սինոփսիս,
- Արդշինբանկ,
- Ինեկոբանկ,
- Սերվիս Տիտան,Վիվա–ՄՏՍ:
Գրանթ Թորնթոն ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը նշում է․
«Գրանթ Թորնթոնն արդեն երրորդ տարին է ինչ նախաձեռնել է և ՄՌ Ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է «հայrate»-ը, որն արդեն իսկ դարձել է հայաստանյան աշխատաշուկայի ամենասպասված վարկանիշերից մեկը, և ես շնորհավորում եմ այս տարի հարցման արդյունքներում տեղ գտած գրավիչ գործատուներին: Երիտասարդ տաղանդների ներգրավման համար մեծ ջանքեր են տարվում բազմաթիվ կազմակերպությունների կողմից ու այսօր «հայrate»-ը փաստացի տալիս է այդ ջանքերի ուրույն գնահատականը»:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշեց.
«Այսօր կարելի վստահորեն ասել, որ «հայrate»-ը, որպես հետազոտություն և միջոցառում, ամրապնդել է իր կարևորությունը՝ երեք տարի շարունակ ընդգծելով երիտասարդության և գործատուների կապի անհրաժեշտությունը։ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շատ է կարևորում գործատուի բրենդինգի ուղղությամբ տարվող աշխատանքները, քանի որ այն ուղղակիորեն արտացոլում է ոլորտի հիմնական խնդիրները և նախանշում զարգացման ուղղությունները։ Բնականաբար, մենք տարեցտարի փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի մեր գործընկերների հետ համատեղ ավելի խորը և համապարփակ հետազոտությունների արդյունքներ ապահովենք»։
Միջոցառմանը հրավիրված էին համապատասխան պետական մարմինների և ԲՈւՀ-երի ներկայացուցիչներ, գործընկերներ, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ։
Մասնակիցները բարձր գնահատեցին նման նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանի գործատուները «հայrate»-ի շնորհիվ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար:
Վերահաստատվեց ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվեց «հայrate»-ի կարևորությունը, որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:
- Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: