Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեով մշակույթի ոլորտի համար նախատեսված հատկացումներն աննախադեպ են ծավալներով, և պետք է արձանագրել, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքային իշխանությունը ոլորտի զարգացման և մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել վերջին տասնամյակների համեմատությամբ կրկնապատիկ, որոշ ուղղություններով՝ եռապատկված միջոցներ:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ 2024 թվականին նախատեսվող մշակութային միջոցառումների մասին տեղեկատվությունը ներկայացնելիս ասել է մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
«Այս տարի առաջին անգամ նախատեսում ենք իրականացնել «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչև կեսգիշեր բաց ու հասանելի կլինեն երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար: Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ հետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- ասել է նա:
Նա հավելել է, որ միջոցառման հաջողությունից կախված՝ այն կարող է դառնալ ավանդական և ամենամյա:
Ըստ Գոշ Սարգսյանի՝ նախատեսվող ծրագրերի հիմնական առանցքը Երևանի բնակիչների և հյուրերի համար մշակութային կյանքով հագեցած ապրելու հնարավորություն ստեղծելն է:
Անդրադառնալով թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս տարի շատ բուռն մշակութային իրադարձություններ են սպասվում, և որ Երևանում առաջին անգամ կկազմակերպվեն Լոնդոնյան բալետի ներկայացումներ:
«Շատ բարձր նշաձող ենք սահմանել, և պետք է այդ նշաձողը կարողանանք պահել»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում