Մեծ Բրիտանիայում սպառողների վստահության ինդեքսը վերջին 50 տարվա խոշոր ռեցեսիաների ժամանակ ռեկորդային անկում է գրանցել, հաղորդում է Guardian թերթը ՝ վկայակոչելով GfK վերլուծական ընկերության անցկացրած հետազոտությունը:
Ըստ հետազոտության՝ ներկա պահին Բրիտանիայում սպառողների վստահության ինդեքսն ավելի ցածր է, քան 70-ականների կեսերին, 80-ական և 90-ականների սկզբին, ինչպես նաև 2000-ականների վերջին ռեցեսիաների ժամանակ, գրում է թերթը։ Նյութում ասվում է, որ այս ցուցանիշը 2022 թվականի ընթացքում անընդհատ անկում է ապրել, իսկ այս տարվա օգոստոսին այն իջել է ևս երեք կետով՝ հասնելով ռեկորդային նվազագույնի՝ – 44, թեև մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել է – 8։ Դա կապված է երկրում սրընթաց ավելացող գնաճի հետ, նշվում է հաղորդագրության մեջ։
«Թերթերի վերնագրերը մեկը մյուսի հետևից ցույց են տալիս, որ ռեկորդային գնաճը քայքայում է բնակչության գնողունակությունը, և դա տագնապալի է Մեծ Բրիտանիայում շատ մարդկանց համար: Պարզապես ծայրը ծայրին հասցնելը դարձել է մղձավանջ, և գնորդների վստահության ճգնաժամը միայն կաճի աշնանային մութ օրերի և ձմեռային ցուրտ ամիսների գալուն պես»,-հրատարակությունը մեջբերել է GfK ընկերության հաճախորդների հետ աշխատանքի ռազմավարության գծով տնօրեն Ջո Սթեյտոնի խոսքը:
Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Լոգիստիկ շղթաների խախտումը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում վառելիքի և սննդամթերքի գների աճին: Մեծ Բրիտանիայում կյանքի արժեքի աճը հարվածել է միլիոնավոր տնային տնտեսությունների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում