Օրերս հայտնի դարձավ, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 20 %-ը կանցնի ՀՀ կառավարությանը։ Այս մասին հայտարարվեց «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի գործարքի կնքման տեղեկությանը զուգահեռ։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է:
«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սա մասնավորի կողմից Կառավարությանը անհատույց բաժնետոմսերի փոխանցման առաջին դեպքը չէ։ Առաջին նմանատիպ գործարքը կնքվեց 2021-ի հոկտեմբերին, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 %-ի համասեփականատեր դարձավ ՀՀ Կառավարությունը։
Հանքարդյունաբերող այս ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է եղել։ Այս նվիրատվությունը «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող «Արդյունաբերական ընկերության» կողմից էր։ Այս դեպքում ևս՝ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը զուգահեռ ընկերությունը հայտարարեց Կառավարությանը 15 % բաժնետոմսեր անհատույց նվիրաբերելու մասին։
Թե որն է նման շքեղ նվիրատվության շարժառիթը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ «Գեոպրոմայնինգը» այդպես էլ չբացատրեցին։ Այնուհետև դրան հաջորդել Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագիրը՝ այս տարվա փետրվարին, որի արդյունքում Հայաստանի կառավարությունը ստացավ «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5 %-ը։
Ի՞նչ ռիսկեր է սա ստեղծում բիզնեսի համար ու ո՞րն է բիզնեսի կողմից նման շքեղ նվիրաբերությունների շարժառիթը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բացասական է գնահատումյ տեղի ունեցողը՝ ընդգծելով, որ սա էական ռիսկեր է ստեղծում ՀՀ բիզնես միջավայրի ու ներդրողների համար․
«Սա տարբեր երկրներում տարածված պրակտիկա չի կարող լինել, քանի որ տնտեսամետ տրամաբանությանը, ըստ էության, հակասում է։ Այսինքն՝ եթե, օրինակ, պատշաճ հարկերը վճարող օրինապահ բիզնես է, ինչո՞ւ պետք է իր կապիտալի մի մասը զիջի պետությանը։ Այստեղ որևէ տրամաբանություն չկա։ Դասական տնտեսագիտության մեջ նույնիսկ առաջին կուրսի դասագրքերում նշվում է, որ մարդիկ կամ կազմակերպությունները բիզնես անում են սեփական ռիսկով և ձգտում են առավելագույն շահույթի։ Սա այս կանոնին հակասող է»,- նշում է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ սա պետության կողմից բիզնեսի մեջ «փայ մտնելու» փորձ է․
«Եթե պետությունը տեռորիստական չէ կամ հարկային տեռորի հակումներ չունի, այս կամ այն ընկերության բիզնեսն ամեն գնով խլելու տարբեր նկրտումներ չունի, ապա ինքը պետք է բավարարվի ընդամենը հարկեր գանձելով օրենքով սահմանված չափով և կարգով։ Փայ մտնելը այս պարագայում նույնն է, որ ասենք օրինակ ռեկետը կամ ուղղակի գույքը խլելը։ Սա պետության տնտեսական քաղաքականության տեսանկյունից էլ ընկալելի չէ։ Տարածված է, որ բիզնեսը նաև հումանիտար և բարեգործական աջակցություն է ցուցաբերում տարբեր միջոցներով և տարբեր նպատակների համար, բայց սա դա էլ չէ։ Մնաց այն մտավախությունը, որն ի սկզբանե ունեինք․ կա՛մ զիջում են իրենց փայը, քանի որ կատարել են ենթադրյալ ինչ-որ խախտումներ ու զիջում են դրա համար չպատժվելու դիմաց, կա՛մ ուղղակի պարտադրված են զիջել, որովհետև պետությունը տեռոր է իրականացնում, հակառակ դեպքում ոչ օրինական հետևանքներ կունենան։ Այսինքն՝ զիջում են վախից։ Պետությունը փաստացի այստեղ խլողի դերում է»։
Տնտեսագետը մտավախություն հայտնեց, որ սա կարող է դառնալ նախադեպ․
«ի վերջո՝ մեր երկրում այսօր տնտեսական գործունեություն իրականացնողները հետևություն են անում․ այսինքն՝ կարո՞ղ է կամաց-կամաց մեզ էլ հասնի փայ մտնելու վտանգը։ Սա էական տնտեսական ռիսկ է։ Սա նաև պոտենցիալ ներդրողների համար է իրական ռիսկ։ Իրենք, երբ շուկան ուսումնասիրում են, իհարկե հետևություն են անելու։ Իրենք հաշվարկում են՝ որքան է իրենց ծախսերը, այսինքն՝ հարկային ծախսերը և այլն, և կայացնում են որոշում։ Եթե այդ հաշվարկի մեջ մի հատ էլ անկանխատեսելի մի բան պետք է հաշվեն՝ արդյո՞ք պետությունը մի օր չի հայտնվի, փայ ուզի, և արդյո՞ք այդ փայը ինչքան կլինի։ Սա անկառավարելի ռիսկ է, և էական հարված է ոչ միայն այսօր գործունեություն իրականացնողների համար, այլև ապագայում ներդրումային մտադրություններ ունեցողների համար»,- նշում է տնտեսագետը։
Նա հավանական է համարում այն տարբերակը, որ հնարավոր է՝ գաղտնի պայմանավորվածություններ լինեն․
«Գուցե կան նաև թաքուն պայմանավորվածություններ, որ այս սեփականատիրոջից խլում, քեզ ենք տալիս, 20 %-ն էլ կտաս մեզ ատկատ։ Կամ նոր սեփականատերն ունի մտավախություններ, որ նախորդի ճակատագրին չարժանանա, և միանգամից էս գլխից զիջում է որոշակի միջոցներ, կամ կան ենթադրյալ խախտումներ պատժամիջոցներից խուսափելու համար»,- նշում է Ավետիսյանը
Տնտեսագետ Արմեն Քթոյանը ևս այս գործարքներում ռիսկեր է տեսնում։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիրներից մեկը ոչ թափանցիկությունն է․
«Ռիսկեր կան, բնականաբար։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ դու ձեռք ես բերում ինչ-որ մի ակտիվ, հետո դրա 20 %-ը կամ մի այլ մաս նվիրաբերում ես պետությանը, տալիս ես մեկ ուրիշին, էական չէ՝ պետությունն է, թե մեկ այլ։ Այստեղ խնդիրներից մեկն այն է, որ թափանցիկ չէ գործարքը։ Օրինակ՝ ինչու է ներդրողը 20 %-ը տալիս, արդյո՞ք դրա հիմքում ինչ-որ պայմանավորվածություններ կան։ Հանրության տեսանկյունից՝ լավ է, որովհետև մեկ այլ իրավիճակում այդ նույն 20 %-ը կարող էր ինչ-որ մասնավոր ընկերության գրպան գնալ։ Այսինքն՝ այդ իրավիճակի համեմատությամբ, դա լավ է։ Բայց ինչի դիմաց է գնացել պետությանը, պետությունն ինչ պարտավորություններ է ստանձնել դրա դիմաց, այս հարցերը խնդրահարույց են»,- նշում է տնտեսագետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում