Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ճանապարհորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական։
Այս մասին հայտնել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով արցախցիներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը։
Պաշտոնյան բացատրել է, որ ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել, կամ էլ հարկադրաբար տեղափոխվել Ադրբեջան։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ այն հատուկ նպատակի է ծառայում՝ ճանապարհորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղեկացմամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայականը գործում է 1 տարով, այն երկարաձգվելու է կառավարության որոշմամբ։
«Հունվարի 25-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ստացել ենք 42 809 դիմում, որոնց ճնշող մեծամասնություն արդեն իսկ այն ստացել են։ ԼՂ-ից տեղափոխվածների հաշվառման թիվն արդեն իսկ մոտեցել է շուրջ 50 հազարի»,- հավելել է նա։
Արմեն Ղազարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչները չեն զրկվում Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում