Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվայնացման փոխնախարար Սին Գոբինն ուրբաթ օրը հայտարարել է, որ ռոբոտաշինության արդյունաբերությունը 2022 թվականի առաջին կիսամյակում կարողացել է ավելի քան 5 մլրդ յուան (շուրջ 735 մլն դոլար) գումարի ֆինանսավորում ներգրավել։ Հայտնում է ՓՐԱՅՄ տնտեսական տեղեկատվության գործակալությունը։
«Մեր երկրում ռոբոտաշինության արդյունաբերության ֆինանսավորումը շարունակում է ակտիվանալ, ռոբոտաշինության ոլորտում աստիճանաբար ձևավորվել է արդյունաբերության և կապիտալի համատեղ զարգացման մոդել»,- ասել է Սին Գուբինը Պեկինում Ռոբոտաշինության համաշխարհային համաժողովում։
Նրա խոսքով, այս ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հիմնական բաղադրիչներին՝ համագործակցային ռոբոտներին և վիրաբուժական ռոբոտներին, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խթանել նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների արագացված զարգացումը։
Նշենք, որ ռոբոտների համաշխարհային համաժողովը բացվել է հինգշաբթի օրը, Պեկինի հարավ-արևելքում գտնվող Յիչուան միջազգային ցուցահանդեսային կենտրոնում և կտևի մինչև օգոստոսի 21-ը: Այս տարի համաժողովն անցկացվում է «ստեղծել, կիսվել, քննարկել և հասնել փոխադարձ շահի» կարգախոսով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում