Շահույթի 9.2 % նվազում՝ նախորդ տարվա եռապատկման ֆոնին․ Որո՞նք են ամենամեծ շահույթ ստացած բանկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Թեև Հայաստանի առևտրային բանկերը 2023թ-ն փակել են շահույթի նվազմամբ, այնուամենայնիվ, տարին բարենպաստ է եղել համակարգի համար։ 

ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ին արձանագրել են շուրջ 230 մլրդ դրամի զուտ շահույթ: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ բանկերի միության հրապարակած տվյալներից։  Թեև նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի շահույթը կրճատվել է շուրջ 9,2 տոկոսով, սակայն այն մի քանի անգամ բարձր է մինչև 2022-ը գրանցված ցուցանիշներից։

 Ամենամեծ շահույթն արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 62,2 մլրդ դրամի փոխարեն։ 

Այնուհետև․ երկրորդ տեղում Ameriabank-ն է՝ 46,1 մլրդ դրամ շահույթով՝ 2022 թվականի 44,3 մլրդ դրամի համեմատ (աճը՝ 4%)

Երրորդ տեղում ACBA bank-ն է, 2023 թվականին ստացել է 28,6 մլրդ դրամի շահույթ՝ 2022 թվականի 22,6 մլրդ դրամի համեմատ (աճը՝ 26․6%)

Դրան հաջորդում է Inecobank-ը` 26,5 մլրդ դրամ շահույթով՝ 23,6 մլրդ դրամի  համեմատ (աճը՝ 11,9%)

Առաջին հնգյակը եզրափակում է IDBank-ը` շահույթը նշված ժամանակահատվածում կազմել է 15,6 մլրդ դրամ՝ 2022 թվականի 13,5 մլրդ դրամ շահույթի համեմատ (շահույթի աճ՝ 15,7%)։ 

Առևտրային բանկերի 2023թ․ ընդհանուր պարտավորությունները 2022թ․ համեմատ ավելացել են շուրջ 618 մլրդ․դրամով (8․7%)՝ կազմելով՝ 7 տրլն 707 մլրդ․դրամ։ Նույն ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 459 մլրդ․ դրամով (9.1%)`կազմելով  5 տրլն 503 մլրդ․ դրամ։

 Հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները 2023թ. ցուցանիշներով կազմել  են  5 տրլն 036 մլրդ․ դրամ, 2022թ. համեմատ (4 174 մլրդ․ դրամ)  աճը կազմել է 20.6%:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին  օտարերկրացիների ներհոսքը Հայաստան նպաստավոր իրավիճակ ստեղծեց ՀՀ բանկերի համար, որոնք 2022 թվականին եռապատկեցին իրենց շահույթը։

 Աճին էապես նպաստում են բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված  ծառայությունները։ Մեծ դեր ունեն արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները։ 

Ֆինանսական կայունության առումով 2023 թվականին ՀՀ Կենտրոնական բանկը վարել է նախորդ տարվա դրական արդյունքերի ամրապնդմանը և ապագա հնարավոր ռիսկերի համար պաշարների ձևավորմանն ուղղված քաղաքականություն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Կիսվեք այս հոդվածով