Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունում։
Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:
«Սկզբնական փուլում երեխաները դպրոցներում տեղավորվեցին անկախ անհրաժեշտ փաստաթղթերից։ Դրանից հետ կատարվեց նրանց կարիքի գնահատումը, շատ արագ փորձեցինք վեր հանել եղած խնդիրները, ըստ դրա էլ մշակվեցին աջակցության ծրագրերը։ Աջակցություն ցուցաբերվեց ոչ միայն հոգեբանական, այլև կրթական ծառայությունների առումով, հատկապես բարձր ավարտական դասարաններում սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բոլոր աշակերտներն ապահովվեցին նաև անհրաժեշտ դասագրքերով»,-ասել է Ստալ Սարդարյանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով՝ կարիքների գնահատումը ցույց տվեց, որ հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների, այլ պարագաների բացակայությունն էր։ Նախարարությունը, համայնքները, միջազգային ու տեղական կազմակերպությունները լծվեցին այդ պարագաների ձեռքբերման ու տրամադրման գործին։
«Այդ փուլում կարևոր էր հյուրընկալող դպրոցների հետ աշխատանքը, որպեսզի կարողանային ինտեգրումը սահուն ապահովել։ Շատ ցցուն էին երեխաների հոգեբանական, սոցիալական խնդիրները, հաղորդակցման դժվարությունները։ Այստեղ մեծ աշխատանք էր տարվում դպրոցների հոգեբանների հետ։ Սկզբնական շրջանում դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, որովհետև անորոշ վիճակ էր, թվում էր, թե ինչ-որ փուլից հնարավոր է վերադառնան իրենց տներ։ Մեծ աշխատանք պահանջվեց, որ այդ երեխաները գան դպրոց»,-ասել է Ալվարդ Պողոսյանը։
Մյուս խնդիրն այն էր, որ ԼՂ-ում եղած ժամանակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նրանցից շատերը բաց էին թողել կրթական ծրագրեր։ Անհրաժեշտություն կար այս ուղղությամբ ևս հավելյալ աշխատելու։
Այս ընթացքում մշակվել և իրագործվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը։ Կառավարության որոշմամբ հաստատվեց գործուղման կարգ, որով հնարավորություն տրվեց արցախցի ուսուցիչներին գործուղել մարզեր և աշխատել այնտեղ գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրամադրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար։
Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքի դպրոցներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ համայնքների ուսումնական հաստատություններում բացի աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճարից, հավելյալ ֆիքսված 50 հազար դրամ լրավճար է նախատեսվում։
Վերջին տվյալներով ստացվել է 300 դիմում, արդեն 250 ուսուցիչ գործուղվել է և աշխատում է մարզային ուսումնական հաստատություններում։ Սա կօգնի նաև մարզային դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում