Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն, եթե չի ստացել պետական գրանցում, ապա պետք է հարկային մարմին ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։
Հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:
Հայտարարությունը, կից դիմումը և հարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը կարող եք ներկայացնել նաև առանց սպասարկման սրահ այցելելու՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Եթե անշարժ գույքը վարձակալության եք հանձնել Հայաստանում և բնակվում եք արտերկրում, ապա hարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը, հայտարարությունը և կից դիմումը ևս կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակի միջոցով։
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հայտարարությունն անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:
Վարձակալությունից ստացվող եկամտի դադարեցման դեպքում ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքի պահանջները չպահպանելու դեպքում, սահմանված է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։
Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կազմում է 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
2023 թվականի համար անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի տարեկան հաշվարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը: