Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը

1 Min Read
Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը։
Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ արդեն իսկ ձևավորվել են մարզպետարանների, համայնքների ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր։
Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«Խնդրում ենք գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, այն իրականացնել՝ միմիայն հաշվի առնելով առկա կենդանիների գլխաքանակը: Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիների առկայության դեպքում խնդրում ենք դիմել հաշվառումն իրականացնող անասնաբույժ-մասնագետին կամ զանգահարել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարով՝ 012-595-939։ Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիները պետք է անմիջապես համարակալվեն համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից և գրանցվեն «Անի պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում։
Հարկ է նշել, որ կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը ֆինանսական բեռ չի ավելացնում գյուղացու կամ ֆերմերի համար։ Ուստի խնդրում ենք ոչ միայն չխոչընդոտել, այլև աջակցել հաշվառումն իրականացնող խմբերին»,-նշված է հայտարարության մեջ։

 

Կիսվեք այս հոդվածով