Փինաչու գործ է արած, տգեղ է, այն էլ՝ Մաշտոցի պողոտայի վրա. Ավինյան

2 Min Read

Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման ոչ հարմար վայրերում գտնվող 17 բնաբաժակ արդեն փակված է, ներկայումս գույքագրվում են նոր բացվող և լայնացվող բնաբաժակները. տեղեկացրել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ քննարկել ու որոշել են Մաշտոցի պողոտայում, որը պետք է սոսիներով լրացնել, նոր ծառեր կտնկվեն:

«Այն բնաբաժակները, որ մոտ էին ծառերին ու նպատակահարմար չէր ևս մեկ սոսի տնկելը, պետք է փակվեր։ Հիմա, երբ ասվում է փակվեն, նշանակում է՝ բնաբաժակը, որպես այդպիսին, փոխարինվում է տոմետով, քարով, ինչով մայթը պատված է։ Հիմա այսքանից հետո ինչո՞ւ կան բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփված»,- հարցրել է Տիգրան Ավինյանը։ 

Տիգրան Գեղամյանն էլ պարզաբանել է, որ քննարկել են, ու քանի որ բնաբաժակները հետագայում կարող են նորից բացել ու ծառեր տնկել, նպատակահարմար են գտել, որ այդ ձևով մնա։

«Կարո՞ղ են դրանք բացվել, եթե խոսում ենք կայացած մեծ ծառերի մասին, որոնց կից մեկ-երկու մետրի վրա ևս մեկ բնաբաժակ կա, արդյո՞ք նպատակահարմար է գալիք 10 տարվա ընթացքում ծառ տնկել»,- հարցրել է Ավինյանը։

Քաղաքապետը հանձնարարել է, որպեսզի մայթը նորմալ վերականգնեն:

«Նախորդ շաբաթ ինքս նկատել եմ, և այդ հանձնարարականը շինբարեկարգմանը փոխանցվել է, կարծում եմ՝ թյուրըմբռնում է եղել, շատ կարճ ժամկետում ավարտին կհասցնենք»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Փինաչու գործ է արած․ եզրաքարերով բնաբաժակն է, մեջը՝ տոմետ խփած։ Տգեղ է դա, այն էլ՝ Մաշտոցի պողոտայի վրա»,– ասել է Ավինյանը:

Share This Article