Դալմայի այգիները քաղաքային մեծ զբոսայգու պետք է վերածել, բնապահպանական մեգանախագիծ իրականացնել․ Փաշինյան

2 Min Read

Մոտավոր 250 հա տարածքով Դալմայի այգիները քաղաքային մեծ զբոսայգու պետք է վերածել հնարավորինս մինիմալ միջամտությամբ` ընդհուպ մինչև քիչ նստարանների տեղադրմամբ։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս պահին քաղաքային իշխանությունները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականցնում և այդ նպատակով նաև ներգարվել են ԱՄԷ-ի` այգիներ նախագծող ամենախոշոր ընկերությանը։

«Դալմայի այգիները նախագծվել են որպես քաղաքային մեծ անտառ-այգի։ Ավելին ասեմ` Երևանում մեկ շնչի հաշվով կանաչ տարածքների առումով միջազգայնորեն ճանաչված նվազագույն շեմից մի փոքր ավելի` մոտ 9 քմ, կանաչ տարածքներ կունենանք։ Նման ծրագրերը նաև ազդեցություն են ունենալու ընդհանուր միկրոկլիմայի վրա»,- ընդգծել է քաղաքապետը։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է նաև մեկ այլ ծրագիր, որը նա անվանեց բնապահպանական մեգանախագիծ` Հրազդանի կիրճը հանգստի գոտի դարձնելու նախագիծը։

«Երևանի քաղաքապետն առաջարկեց այստեղ ներդրումային ծրագրերի առումով մի քիչ զսպվածություն ցուցաբերել, որպեսզի այդ գոտու համար տարածքներ չկորցնենք։ Ես պաշտպանում եմ այս մոտեցումը. Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, տրամաբանական է, որ ռեկրեացիոն այդ գոտին սկսի գետաբերանից մինչև Կորեայի ձոր։ Սա մի նախագիծ է, որտեղ ՀՀ կառավարությունը մեծ հետաքրքրություն ունի։ Մենք պետք է բնապահպանական խնդիրներին մեծ ուշադրություն դարձնենք, քանի որ կանաչ գոտիների առումով մենք մեծ խնդիրներ ունենք Երևանում, ու դրանք մենք պետք է լուծենք»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով` Երևանի ու ՀՀ-ի համար Հրազդանի կիճը շատ մեծ հարստություն է, այստեղ անձամբ ինքը բավականին հաճախակի է լինում։ Վարչապետի կարծիքով` բնապահպանական խնդիրները լուծելուց բացի այստեղ պետք է ապահովել նաև զբոսաշրջային և տնտեսական ահռելի հոսքեր։

Share This Article