Հաստատվել է Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման 60 մլն եվրո վարկը

1 Min Read
Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատել է նիստում։
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27-ին։
Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30-ին։ Վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31-ը:
«Համաձայնագրով կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը»,– նշված է համաձայնագրի մեջ:
Ճանապարհաշինության աշխատանքներն իրենց մեջ կներառեն Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որը կապահովի մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելիք 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջը, Արշակունյաց պողոտայում կառուցվելիք թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:
Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1.9 կմ:
Կիսվեք այս հոդվածով