Կքննարկվի Երևանում 60 մլն դոլարի ծրագիր իրականացնելու հարցը. Փաշինյան

2 Min Read

2023-ին համայնքների դոտացիաներն աճել են, նոր կիրառվող բանաձևով դոտացիաները կրճատվել են միայն երկու համայնքում, որտեղ ղեկավարները ՔՊ անդամ են:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե վարչապետը համահարթեցումն այս փուլում բավարար համարո՞ւմ է:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ դոտացիաների տրամադրման հարցով մի քանի քննարկումներ են տեղի ունեցել Ազգային ժողովում, երբ դեռ ինքը պատգամավոր էր: Բայց ամեն անգամ որոշվել է այն հետաձգել: Այժմ, ըստ վարչապետի, իրենց քաղաքական թիմը քաղաքական կամք է ցուցաբերել այն իրականացնելու:

«2018-ից այս կողմ համայնքների դոտացիաներն այնքան են աճել, որ նույնիսկ չէինք կարող ասել, որ նման բան կարող էր տեղի ունենալ: Գյումրիում դոտացիան մոտ 1 միլիարդ դրամով աճել է: Երևանն ու Ծաղկաձորն իրականում շատ մեծ պոտենցիալ ունեն սեփական եկամուտները ավելացնելու: Մենք կօգնենք համայնքներին սեփական եկամուտներն ավելացնել»,- ասել է նա:


Համայնքին միլիոններ ենք տալիս, գանք, բակի շան հարցն է՞լ լուծենք, աղբն էլ հավաքե՞նք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է մի հարց, համաձայն որի՝ նախատեսվում է Երևանում ևս 60 միլիոն դոլարի ծրագիր իրականացնել:

«Երկու օր առաջ մենք փոխվարչապետի հետ քննարկում ենք ունեցել և մտածում ենք, որ Երևան քաղաքում նույնպես հնարավորություն տանք որոշակի բանաձևով սուբվենցիաների ծրագրեր իրականացնելու, որպեսզի այդ համահարթեցումը լիարժեք տեղի ունենա, որովհետև Երևանում էլ, ճիշտ է, հնարավորությունները մեծ են եղել, բայց բազմաթիվ հարցեր կան չլուծված, և պետք է առերեսվել, և այդ հարցերը լուծել»,- ասել է նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև նկատել է, որ նախկին դժգոհությունը, թե պաշտոնյաներն ընտրությունից ընտրություն են համայնքներ այցելում, այժմ վերացած է, քանի որ վարչապետը հաճախ է այցելում մարզեր:

«Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց համար»,- ասել է նա:

Share This Article