«Թուրքը կրակում է ՀՀ ինքնիշխան տարածքում օտարերկրյա ներդրումների վրա»․ Թադևոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16 Հունվարի, 2024
3 Min Read

ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը․

«Սիրելի հայրենակիցներ,

Խոսելու եմ մեր երկրի տնտեսական անվտանգության խորացող սպառնալիքներից՝ կոնկրետ փաստեր վկայակոչելով։ Մասնավորապես․

ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 14-ի որոշմամբ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությանը նվիրաբերությամբ նորից տրամադրվեց հողամաս Արարատի մարզի այս անգամ Արարատ բնակավայրում՝ պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ ընկերության կողմից Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է։ Հիմնավորման մեջ, որպես պատճառ, բերված է, մեջբերում եմ․ «դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից»։

Իսկ իրական պատճառը, որքան էլ կոծկեն, ակնհայտ է․ թուրքը կրակում է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող օտարերկրյա ներդրումների վրա՝ պարբերաբար, բոլորի աչքի առաջ։ Ռազմական ուժի բացահայտ գործադրմամբ՝ պարտադրում է իր կամքը մեր երկրում կայացվող տնտեսական որոշումների վրա։

Նախորդ շաբաթ էլ ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությանը տրամադրվեց 3,5 միլիարդ դրամ բյուջետային վարկ՝ արտոնյալ պայմաններով։

Ինչու՞։ Նույն պարզ պատճառով։ Օտարերկրյա այս ընկերությունը պողպատի գործարանի կառուցման նպատակով Երասխում կատարել էր ներդրումային ծախսեր, որոնց ընդանուր գումարը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։ Իսկ ներդրումային ծրագիրը կասեցվել է, քանի որ Երասխ բնակավայրում անհնար է դարձել աշխատանքների հետագա շարունակությունը՝ անվտանգային սպառնալիքների և դրանց բացահայտ գործադրման պայմաններում։ Ծրագիրը մի քիչ ավելի անվտանգ վայր տեղափոխելու նպատակով ընկերությանը տրամադրում են արտոնյալ վարկ։

Ի դեպ, այս որոշումը կառավարությունը ընդունեց չզեկուցվող հարցերի շրջանակներում՝ առանց բարձրաձայնելու և քննարկելու։ Ասելու բան չունեն։

Հետաքրքիր կլիներ պարզել․ այս տրամաբանությամբ տեղափոխվելով՝ ծրագրի իրականացման վայրը կարո՞ղ է հասնել Երևան, կենտրոն, ՀՀ կառավարության նստավայրի մոտակայք, իսկ օտարերկրյա ներդրումն էլ դառնա միայն պետական բյուջեից ֆինանսավորվող։

Հաջորդը․ գործընկերներիս հետ օրերս այցելել էի Վարդենիսի տարածաշրջանի առաջնագիծ։ Եղանք Սոթքի հատվածում։ Թշնամին այս անգամ արդեն դիրքավորված է մեր երկրի ինքնիշխան տարածքում տասնամյակներ շարունակ գործող Սոթքի հանքավայրի տարածքում։ Մնացածը նույնն է․ իր կամքն է պարտադրում ուժի սպառնալիքով և գործադրմամբ։ Հետևանքները ևս նույնն են՝ հանքի շահագործման դադարեցում, հարյուրավոր բարձր աշխատավարձով աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, պետական բյուջեի միլիարդավոր դրամի հարկային մուտքերի կրճատում, տարածաշրջանում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական լարվածության էական խորացում և այլն։

Նմանատիպ փաստերը և դրանց անդառնալի հետևանքները շատ են և այս իշխանության օրոք օր-օրի ավելանում են, քանի որ առաջնորդության բացարձակ հիմքը և միակ շահի կենտրոնը ամեն գնով սեփական «աթոռը» պահելն է՝ պետության և ազգային անվտանգության շահերին բացահայտ հակադրվելով»։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն