ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

16 Հունվարի, 2024
1 Min Read
ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առնչվում է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց։ Նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 27, ձեռնպահ՝ 6։

Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2.5 մլն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 մլն դրամ, հինգերորդ՝  զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 մլն դրամ։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։

Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ով խնդրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին ձեռնպահ մնալ 27 տարին լրացած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց նկատմամբ 1 տարի ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտավորության սահմանումից:

Կիսվեք այս հոդվածով
1 Comment