Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը և ավարտել պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և Քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաև «Ներքին աուդիտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մանրամասնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նախատեսվել է, որ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները հանրային ծառայողներ են: «Ներքին աուդիտի մասին» օրենքով կա սահմանափակում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին նշանակելու հարցումգ չի կարող նշանակվել այն անձը, որը վերջին երկու տարում զբաղեցրել է ստորաբաժանման ղեկավարի պաշտոն: Առաջարկվում է այս ժամկետը կրճատել մինչև մեկ տարի ժամկետով:
Արթուր Մանուկյանը խորհրդարանին է ներկայացրել նաև Հարկային օրենսգրքում և «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնող փոփոխություններ են կատարվել:
Հարկային օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցվում են «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն կարգավորումներին, որոնք վերաբերում են սնանկության վարույթի և սնանկության վտանգի վարույթի ընթացքում ու դրանից առաջ առաջացող հարկային պարտավորությունների հաշվառմանը:
«Սնանկության մասին» օրենքում կատարվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կարգավորմանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով էլ առաջարկվում է օրենսգրքում ուժը կորցրած ճանաչել հարկի վճարման ժամկետներն ուշացնելու համար վարչական պատասխանատվություն կիրառող հոդվածը:
Հարկային և մաքսային մարմինների կողմից քննության ենթակա բոլոր հոդվածների մասով վարչական վարույթները 2024 թվականի փետրվարի մեկից կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Այնուհետև խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում