Կարգավորման առարկան Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձի և դրանց հավասարեցված գումարների չափով շահութահարկից նվազեցում կատարելու արտոնության վերացումն է:
Նման արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն):
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ հունվարի 15-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Այդ արտոնությամբ Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների) գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան հարկային տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
Արման Պողոսյանը նշել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներով այն կազմակերպությունները, որոնք սկսել են օգտվել արտոնությունից, և չի լրացել հնգամյա ժամանակահատվածը, կշարունակեն օգտվել արտոնությունից` մինչև իրենց համար սահմանված արտոնյալ ժամանակահատվածի ավարտը:
Փոխնախարարը նշել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ մտահոգություն էր հնչել, որ, գուցե, արտոնությունից չօգտվելու պատճառը տեղեկացվածության պակասն է: Դրանով պայմանավորված` իրազեկման մակարդակը բարձրացնելու համար երկամսյա ժամկետով հետաձգվել էր նախաձեռնության քննարկումը, սակայն դրանից հետո ևս գործարար շրջանակից կամ հանձնաժողովից որևէ առաջարկ չի ստացվել:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս նիստը ևս իրազեկման հնարավորություն է, և եթե առաջիկայում տնտեսվարողների կողմից կլինեն առաջարկներ, կնշվեն արտոնությունից չօգտվելու պատճառները, ապա մինչև երկրորդ ընթերցում հնարավոր կլինի վերանայել նախաձեռնությունը և գնալ այլ ուղղությամբ:
Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է այս փուլում կողմ քվեարկել: Նա ընդգծել է, որ այս պահին գործում են բավականին լայն հարկային արտոնություններ, այդ թվում` բիզնեսի համար, և դրանք ոչ միայն փոխհատուցում, այլ առավել մեծ հնարավորություններ են տալիս տնտեսվարողներին:
«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արծվիկ Մինասյանը կարևորել է նախաձեռնությունը Հայաստանի տնտեսությունում ներդրումների խթանման խրախուսման համատեքստում: Ըստ նրա` ներդրումների ներգրավման մրցակցության մեջ կորցնում ենք մի հնարավորություն ևս:
«Հակառակը: Քանի Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը համակերպվել են, որ արտոնությունների համակարգը պետք է գործի, հարկավոր էր զարգացնել սա, ոչ թե հանել»,- նշել է խմբակցության քարտուղարը:
Նա կարծիք է հայտնել, որ պետք է գնալ ոչ թե արտոնությունը վերացնելու, այլ այն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհով: Պատգամավորը տեղեկացրել է, որ այս տեսքով իրենք դեմ են նախաձեռնությանը:
Եզրափակիչ ելույթում Արման Պողոսյանը, չհամաձայնելով Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, վստահեցրել է, որ Կառավարությունն արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր է առաջարկել տնտեսվարողների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում