ՀԴՄ-ների ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր կտեսաձայնագրվեն. նախագիծ

16 Հունվարի, 2024
2 Min Read
ՀԴՄ-ների ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր կտեսաձայնագրվեն. նախագիծ

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները վերաբերում են վարչարարության բարելավմանը: Մասնավորապես, թեմատիկ ստուգումների ընթացքում ապացույցների հետ կապված հարցեր են առաջանում:

Նախատեսվում է հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասերի տեսաձայնագրում: Հարկային մարմնի ծառայողին հնարավորություն կընձեռվի իրականացնելու տեսաձայնագրում, որի արդյունքները հետագայում հնարավոր կլինի օգտագործել դատարանում այս կամ այն փաստը վիճարկելիս:

Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային և Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողի խոսքով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում էր, որ առևտրի սրահներում ՀԴՄ սարքը գտնվի տեսախցիկի հսկողության տակ, սակայն գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ պատգամավորները որոշ դիտարկումներ են ներկայացրել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում գնահատել առաջարկվող գործիքակազմի արդյունավետության հարցը:

Նախաձեռնությամբ նաև այլ փոփոխություններ են կատարվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է տնտեսվարողների շրջանում: Պատգամավորի խոսքով հանձնաժողովում հստակեցվել է, որ տեսուչները նկարահանելու են մինչ գնում կատարելն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածը:

Ըստ զեկուցողի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում իրականացնել: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով առաջարկվող կարգավորումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Բաբկեն Թունյանը, տեղեկացնելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ԱԺ նիստում:

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն