Մաքսային հսկողության գոտում մասնավորի կողմից գործունեության ծավալումը պետք է իրականացվի մրցութային սկզբունքով. նախագիծ

2 Min Read

Մաքսային հսկողության գոտում որևէ գործունեության ծավալումը մասնավորի կողմից պետք է իրականացվի մրցութային սկզբունքով:

Այս մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Գործող կարգավորումը հետևյալն է. մաքսային հսկողության գոտում որևէ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է մաքսային մարմնի թույլտվությունը, բայց թե պետության և համայնքին պատկանող տարածքում ինչպե՞ս պետք է այդ թույլտվությունը կայացվի, ի՞նչ սկզբունքների հիման վրա, կարգավորված չէ: Եվ մենք ուզում ենք մաքսային կարգավորման մասին այս նախագծով այդ կարգավորումները մտցնել և ամրագրել մի սկզբունք, որ պետությանը և համայնքին պատկանող տարածքում՝ մաքսային հսկողություն գոտում, հնարավոր է գործունեություն իրականացնել մրցութային կարգով»,- ասել է Բադասյանը:

Երկրորդ փոփոխությունը, ըստ ՊԵԿ նախագահի, վերաբերում է անմաքս առևտրի սրահների գործունեությանը: Այստեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ պարզ չէ, թե ի՛նչ սկզբունքով է որոշվել, որ տվյալ մաքսակետում հենց այդ ընկերությունը, տնտեսվարողը պետք է անմաքս առևտրով զբաղվի:

«Հիմա կարգավորում ենք նախաորակավորման հետ կապված հարաբերությունները, որպեսզի բոլոր ընկերությունները լինեն նախաորակավորված, և դրա արդյունքում կազմակերպվի մրցույթ ՊԵԿ-ի կողմից համապատասխան տարածքներ զբաղեցնելու համար»,- ասել է նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ՝ խոսքը դյութի ֆրիների մասի՞ն է: ՊԵԿ նախագահը արձագանքել է ՝ ոչ միայն դյութի ֆրիների, այլև, օրինակ՝ առևտրային բանկերի:

«Օրինակ՝ դյութի ֆրիների միջազգային փորձն ուսումնասիրելով՝ հասկացել ենք, որ մեզ մոտ բազմաթիվ ռիսկեր կան, օրինակ՝ էլեկտրոնային համակարգով չի փոխանակվում մաքսային մարմնի հետ, թե ի՛նչ քանակի գնումներ են կատարվում: Օրինակ՝ մեկ անձնագրով կարող է  այնպիսի քանակով գնումներ կատարվել, որն ակնհայտ առևտրային նպատակ է հետապնդում, հետո այդ ապրանքները հայտնվում են list.am և այլ կայքերում»,- ասել է նա:

Կիսվեք այս հոդվածով