Գործադիրն առաջարկել է վերանայել պատվավոր կոչումների շնորհման ինստիտուտը. նախագիծ

5 Min Read

Գործադիրն առաջարկել է վերանայել պատվավոր կոչումների շնորհման ինստիտուտը:

Այս մասին նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ հիշեցնելով, որ գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց թվում են՝ ժողովրդական արտիստի, վաստակավոր նկարչի, մշակույթի վաստակավոր գործչի, տնտեսության վաստակավոր աշխատակցի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր բժշկի և այլ կոչումներ:

«Այս պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, իսկ Կառավարության քաղաքականությունը ներկայումս ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով, օրինակ՝ վարկանիշային համակարգեր ստեղծելով, ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնելով»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ անհատ մասնագետներին պատվավոր կոչումներով խրախուսելու գործիքակազմը Կառավարության քաղաքականությունից չի բխում և չի ծառայում իր նպատակին, և որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ չկա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ կոչումներ ստանալու գործընթացը փոխարինվում է նոր ընթացակարգերո՞վ, թե՞ պարզապես օրենքը չեղարկում է գոյություն ունեցող բոլոր կոչումները:

Փոխնախարարը պարզաբանել է, որ անհատական ձևով Կառավարության, պետության կողմից անձին ժողովրդական կամ վաստակավոր կոչում շնորհելու գործընթացը դադարում է գոյություն ունենալ, իսկ ինչ վերաբերում է այլ գործիքակազմերին, վարկանիշային համակարգերի ներդրմանը և ոլորտային մրցանակաբաշխություններին, ապա պարտադիր չէ, որ դրանք Կառավարության կամ պետության կողմից իրականացվեն:

Դրանք նաև ոլորտային, մասնագիտական հանրույթների կողմից կազմակերպվող միջոցառումներ են, որոնք ավելի հարիր են տարբեր մասնագիտական ոլորտներում գործունեություն իրականացնող անհատներին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդրել է անդրադառնալ վիճակագրությանը՝ քանի՞ պատվավոր կամ վաստակավոր կոչում ունեցող անձ կա ՀՀ-ում:

Փոխնախարարն անդրադարձել է վերջին 5 տարիների վիճակագրությանը. «Այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ շնորհվել է 1181 պատվավոր կոչում»:

Նա նաև նշել է, որ այն անձինք, որոնք ստացել են այդ պատվավոր կոչումները, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները, ստանալու են նաև համապատասխան գումարի չափը՝ մոտ 40 հազար դրամը, որն իրենց շնորհվում է ամենամսյա կտրվածքով:

Արմենուհի Հարությունյանը պարզաբանել է, որ նախագիծը «կարծրատիպեր կոտրելու համար է», ապա հիշեցրեց, որ վաստակավորի և ժողովրդականի տիտղոսների շնորհումը ՀՀ-ն ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից. «Այս ժառանգությունից հրաժարվելու պատեհ պահն ու ժամանակն է»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ խնդրել է պարզաբանել՝ նախագծի ընդունման դեպքում մարդիկ իրենց ստացած կոչումներից զրկվո՞ւմ են: Փոխնախարարը պարզաբանեց՝ կոչումներ ստացած անձինք շարունակելու են ստանալ օրենքով սահմանված գումարը և չեն զրկվելու դրանից:

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ևս հիշեցրել է, որ վաստակավորի և ժողովրդականի կոչում շնորհելը ԽՍՀՄ-ից ժառանգություն է, քանի որ ժամանակին մրցակցություն չի եղել, և պետությունն է որոշել՝ «այս մարդը կոմկուսին ձեռնտո՞ւ է»:

«Հարգանքը և ժողովրդականությունը կոչումներով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան: Կա մի էլիտա, դա ժողովուրդն է: Այդ էլիտաներին հանեցինք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն… Ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն,- ասել է նա:

Նա հավելել է, որ այն չի պետությունը, որ ասում եք՝ դու այսօրվանից այսինչ մարդն ես, ուրեմն դու հեղինակություն ես: Ոչ մի երկրում, ոչ մի զարգացած երկրում նման բան չկա, դա սովետական ժառանգություն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ շատ արժանավորներ կան գործող ցուցակում, բայց կան նաև արժանավորներ, որոնք չկան:

«Այո՛, կան մարդիկ այդ ցուցակում, որոնք կասկածելի են, բայց եկեք անկեղծ լինենք՝ ինչքան արժանավոր մարդ կա, որ այդ ցուցակում պետք է լիներ, բայց, մեր ընկալմամբ՝ մեր ցուցակում էր, բայց այդտեղ չէ»,- ասել է նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որպես մեծ ժողովրդականություն վայելողների, նշել է Էմինեմին, Դրեյքին, որոնք աշխարհում ամենաշատ «սինգլներն» են վաճառում, ապա նշեց, որ նախագծի իմաստն այն է, որ պետությունը չպետք է որոշի՝ ով կարող է լինել ժողովրդական, ով՝ ոչ. «Եթե ինձ ինչ-որ մեկը կարողանա բացատրել, թե ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ չէ, չեմ կարող հասկանալ»:


Ուզում եք՝ 40 հազար դրամները խնայե՞ն․ ի՞նչ խնդիր եք լուծում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Գեղամ Նազարյանն իր ելույթի ժամանակ հիշեցրել է, որ ժամանակին կողմ էր խորհրդային ժառանգություն համարվող կոչումների շնորհումը չեղարկելուն, բայց նաև նշեց, որ մինչ օրենքի ընդունումը պետք էր ստեղծել երգի, կինոյի, թատրոնի ոլորտներում հեղինակավոր մրցանակաբաշխություններ և որակյալ հանձնաժողով, որի կարծիքն ընդունելի կլիներ բոլորի համար:

«Պետությունը պետք է զբաղվի, որ առաջին դասարանցին հասկանա՝ Արտաշ Ասատրյանը ստեղծում է ոչ թե արվեստ, այլ արհեստ, իսկ Առնո Բաբաջանյանը ստեղծում է արվեստ, և պետք է նմանվել նրան»,- ասել է նա:

Ամփոփիչ ելույթի ժամանակ Արմենուհի Հարությունյանը հայտարարել է, որ բոլոր առաջարկությունները քննարկելի են, և որ խնդիրը ոչ թե կոչումներ ստացողների կոչումները կասկածի տակ դնելն է, այլ այն, որ պետությունն իրավունք չունի որոշելու ոլորտի լավագույններին:

Կիսվեք այս հոդվածով