Հայաստանը նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ

2 Min Read

Խորհրդարանը քննարկել է Կառավարության ներկայացրած՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է՝ ՀՀ-ն նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժը» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներ:

Նշված համակարգի և նվազագույն ստանդարտների ներդրման փուլերից մեկն է երկրների միջև հաշվետվության ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մասնավորապես՝ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար իրավական հիմք հանդիսացող «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին միանալը:

Ներկայումս համաձայնագրի կողմ են հանդիսանում 96 պետություն:

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի նպատակն է՝ բարձրացնել միջազգային հարկային թափանցիկությունը և բարելավել կողմ հանդիսացող պետությունների համապատասխան հարկային մարմինների մատչելիությունը եկամտի գլոբալ բաշխման, վճարված հարկերի և հարկային իրավազորությունների շարքում տնտեսական գործունեության տեղակայման որոշակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը:

Համաձայնագրին միանալն այն իրավական հիմքն է, որ Հայաստանին հնարավորություն է ընձեռում հարկային նպատակներով այլ պետությունների հետ ճշգրիտ և գաղտնի տեղեկությունների փոխանակումը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացմանը: Համաձայնագրին միանալը համահունչ է ՀՀ Կառավարության ծրագրով նախանշված ռազմավարական միջոցառումների իրականացմանը:

«Վավերացման դեպքում հարկային մարմինը ՏՀԶԿ-ի գլոբալ ֆորումի քարտուղարությանը պետք է համապատասխան տեղեկատվություն տա, որ միացել է, և հայտնի փոխանակման պայմանների, տեղեկատվության անվտանգության և այլ պայմանների մասին: Այս համաձայնագիրը նպաստում է միջազգային հարկային թափանցիկությանը, տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը և միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր երկրի ձևավորման համար կարևոր նշանակություն կարող է ունենալ»,- ասել է Մուրադյանը՝ խնդրելով կողմ քվեարկել նախագծին:

Կիսվեք այս հոդվածով