Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) գործունեությանն ու զարգացումներին իր հերթական համարում անդրադարձել է Միջազգային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և առաջատար GAR (Global Arbitration Review) ամսագիրը։
Ամսագիրն առանձնակի կարևորությամբ շեշտել է AMCA-ի արբիտրաժային կանոնների ընդունումը, որը տեղի էր ունեցել Կենտրոնի բացումից ընդամենն ամիսներ անց՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին։ Հոդվածում նշվում է՝ AMCA-ի կանոնները մշակվել են Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի աջակցությամբ, որի գործառույթները նման են Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժային դատարանին։ Անկախ արբիտր, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսսյանը GAR-ի հետ զրույցում նշել է․
«Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է իրավունքի գերակայությանը՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում, և Կենտրոնի հիմնադրմամբ` Հայաստանն այժմ ունի արբիտրաժի և հաշտարարության ժամանակակից կենտրոն ու կանոններ, որոնք կնպաստեն առևտրային և ներդրումային վեճերի արդյունավետ լուծմանը։ Ինձ համար մեծ հպարտություն է այս ծրագրի մի մասը լինելը»։
AMCA-ի Արբիտրաժային խորհրդի կազմում են նաև այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են՝ Ռաֆիկ Գրիգորյանը («Sigma Law» ընկերություն), Անդրեա Կարլեվարիսը («BonelliErede»ընկերություն), Արա Խզմալյանը («Adwise» ընկերություն), Աիդա Ավանեսյանը (Հայաստանի արբիտրների ասոցիացիա), Արտյոմ Գեղամյանը («Tabia Legal Solution ընկերություն), Գալինա Զուկովան («Zukova Legal» ընկերություն), Անգլիայում և Ուելսում որակավորված փաստաբան Հայկ Կուպելյանցը, Հայկ Հովհաննիսյանը («HAP» ընկերություն) և Charles Russel Speechlys-ի միջազգային արբիտրաժի ղեկավար Թոմաս Շնայդերը։
Global Arbitration Review-ի հոդվածն ամփոփվում է AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանի մեջբերումներով. «Արբիտրաժային կանոններն արտացոլում են միջազգային լավագույն փորձը և ճանապարհ են հարթում Հայաստանի համար՝ լինելու արբիտրաժի համար նախընտրելի վայր, որտեղ վեճերը լուծվում են արագ, արդյունավետ և մասնագիտացված ձևով»։
Արբիտրաժային կանոնների անգլերեն և հայերեն տարբերակները հասանելի են AMCA-ի պաշտոնական կայքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում