«Ծրագրի մեխանիզմները գործատուին վանում են».Ըստ Գագիկ Մակարյանի՝ արցախցիների զբաղվածությանը օժանդակող ծրագիրը կաշխատի 50-55 %-ով

4 Min Read

Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 6000-ը ՀՀ-ում արդեն աշխատանք ունի։ Այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Իսկ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 545 արցախցի։

Տեղեկությունը BanksNews.am-ին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Սակայն սա Հայաստան եկած արցախցիների մի փոքր մասն է միայն։ 

Օրերս Կառավարությունը հայտարարեց Արցախից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելուն ուղղված աջակցության նոր ծրագրի մասին։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն 3 ամիս պարտադիր աշխատանքի պայմանով: Երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Տնտեսագետ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ 50-ից 55 % է հավանականությունը, որ այս ծրագիրը կարող է աշխատել։ 

«Ժամանակին նման աջակցության ծրագրեր եղել են` ոչ արցախցիների համար, խոցելի խմբերի համար պարզապես: Այդ ծրագրերն առանձնապես էֆեկտիվ չեղան, որովհետև պետական մարմինների հետ գործատուները համարյա գործ չեն ուզում ունենալ, դրված մեխանիզմները գործատուին վանում են, զգուշավորության մեջ են դնում։ Բացի այդ, պետք է լինեն քոլեջներ, ուսումնարաններ, կամ այլ ուսումնական կենտրոններ։ Հիմա, եթե օրինակ վերցնենք տեխնիկական մասնագիտությունները, շատ քիչ ուսումնական կենտրոններ կան քոլեջներից դուրս, որ կարող են ունենալ տեխնիկական սարքավորումներ, որ դասավանդեն։ Գործատուն կարող է իր մոտ վերցնի, ուսուցանի։ Այս մեխանիզմը կարող է մի քիչ ակտիվ լինել։ Ուսումնարանների, քոլեջների մեծ մասը, եթե ուզում է կարճաժամկետ ուսուցում իրականացնի, էլի հաճախ էֆեկտիվ չէ, քանի որ մասնագետները հին գիտելիքներով են, սարքավորումները, տեխնոլոգիաները հին են։ Ովքեր որ կկարողանան իրենց մոտ սովորեցնել, կօգտվեն, մյուսները չեն վստահի մեր կրթական հաստատությունների տված գիտելիքներին»,- նշեց Մակարյանը՝ Banksnews.am-ի հետ զրույցում։ 

Նրա խոսքով՝ վատ նախաձեռնություն չէ, բայց արդյունքները կարող են գոհացուցիչ չլինել։ 

«Ուղղակի մեխանիզմները հաջող մշակված չեն։ Նախարարությունը տարիներ շարունակ համոզվել է, որ այս տիպի ծրագրերը, որով գործատուներին այսպիսի կոնպենսացիաներ են տալիս, հրապուրիչ չեն եղել, էֆեկտիվ չեն եղել։ Եթե թողում են գործատուին կաշկանդելու, գործատուից գումար հետ վերցնելու ռիսկային տեղեր, գործատուն չի ցանկանա գործ ունենալ ու չի վերցնի։ Պետք է ռիսկերը ճիշտ հաշվարկեն։ Օրինակ․ արցախցին եկավ, ուզեց սովորի, սովորելուց հետո կարող է մի աշխատավարձ ուզել, որը ավելին կլինի նախնական պայմանավորվածից, կամ այլ պայմաններ թելադրել, գործատուն չհամաձայնի, ու ինքը կհեռանա, ու այդ խնդիրը կմնա գործատուի վրա, աջակցությունը չի ստանա»։ 

Մակարյանի խոսքով՝ արցախցիներն իրենց հետ նաև դրական պոտենցիալ են բերել Հայաստան, քանի որ նրանք նաև աշխատուժ են և նրանց կարիքները բավարարելու համար նախ և առաջ պատասխանատու նախարարությունները հաշվառումը պետք է որակյալ իրականացնեն։ 

«Մանրամասն պետք է ուսումնասիրվի քանի կին կա, քանի տղամարդ, որքան է կազմում երիտասարդների թիվը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներ, այսինքն՝ բավականին լիարժեք լինի անկետան, դա շատ կհեշտացնի գործը։ Բացի այդ՝ իրենք հավասարաչափ չեն բաշխված, կուտակված են որոշ մարզերում, որոնք ունեն զարգմացման ծրագրեր, բայց դրանք այդքան էլ էֆեկտիվ չեն գրված։ Պետք է դրանք վերանայեն, պետք է ըստ մարզերի նայել՝ հավաքված կոնտինգենտը ինչ մասնագիտություն ունի, ինչ կարիքներ ունի, և ինչ ճյուղեր կարող են այնտեղ զարգացնել։ Օրինակ՝ կարող է ինչ-որ տեղերում տուրիզմի լավ հնարավորություն կա, նրանց օգտագործել այդ ոլորտում, կամ արտադրական հնարավորություններ։ Ես առաջարկում եմ սուբվենցիոն ծրագրերը ոչ միայն ուղղեն ճանապարհային ենթակառուցվածքներին, այլև ստեղծեն համազգային նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ և այնտեղ աշխատեն արցախցիները։ Ընդ որում՝ այդ ձեռնարկությունները լինեն ոչ թե վերացական ուղղությամբ, այլ հենց իրենց կարիքները բավարարելու ուղղությամբ։ Օրինակ՝ եթե արցախցիները կարիք ունեն կահույքի, ուրեմն մի ֆաբրիկան լինի կահույքի արտադրություն։ Համայնքները այդ գործարաններն աշխատացնեն, լինեն համայնքային սեփականության»,- նշեց Մակարյանը

TAGGED:
Share This Article