2023-ի դեկտեմբերի 14-ին Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիրը, համաձայն որի՝ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ին նվիրաբերությամբ հողամասեր կտրամադրվեն պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է:
Նախագծով առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջոցով ընկերությանը տրամադրել փոխառություն 3.5 մլրդ դրամի չափով Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։
«Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով՝ մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250 մլն դոլարի տարեկան շրջանառություն։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն, և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն)»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում