Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը:
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչև 1.5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին և համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Զեկուցողի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու:
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչև հիփոթեքային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ Երևան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչև 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար:
Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական և տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը:
Փոխնախարարը պատասխանել է փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին: Կառավարության ներկայացուցիչը չի համաձայնել այն դիտարկմանը, թե նախագիծը հապճեպ է քննարկվում. այն քննարկվում է ութ ամսից ավելի:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը փաստել է, որ համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովվածությունը, այլև` շինարարության ոլորտի զարգացումը: Պատգամավորի կարծիքով այն ոչ միայն խթանել է շինարարության աճը, հնարավորություն ընձեռել մարդկանց ձեռք բերելու բնակարան, այլ նաև նպաստել է ստվերի կրճատմանը:
«Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է նպատակահարմար բնակարանաշինությունը կամ շենքերի շինարարությունը խթանել: Կարծում եմ` հարցի պատասխանը պետք է ստանանք քաղաքաշինության ոլորտում քաղաքականություն մշակող մարմնից»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը:
Նա առաջարկել է պատգամավորներին ընդունել նախագիծը ներկայացված տարբերակով և մինչև երկրորդ ընթերցում շահագրգիռ մարմինների հետ քննարկել պատգամավորների առաջարկները:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել դրական եզրակացություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում