ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը:
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև այդ արտոնության շրջանակում կիրառվող` հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` վերոնշյալ արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարող սուբյեկտների շրջանում. նշված ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դրական է գնահատել գործադիր մարմնի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը` հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և տնտեսվարողների համար համակարգի անհետաքրքիր լինելը:
«Հաշվի առնելով, որ բիզնեսի կողմից որևէ առաջարկ չենք ստացել` կոչ եմ անում դրական եզրակացություն տալ նախագծին»,- ասել է Բաբկեն Թունյանը:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին: ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ին գումարված հերթական նիստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում