Ռուսաստանում շրջանառության մեջ գտնվող կանխիկի ծավալը 2023 թվականի վերջին կգերազանցի 18 տրիլիոն ռուբլին: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներին։
Ըստ տվյալների՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ ցուցանիշն արդեն հասել է 17,91 տրլն ռուբլու։ Հունվար-նոյեմբեր ամիսներին բնակչության ձեռքում գտնվող դրամական միջոցներն աճել են 1,56 տրլն ռուբլով կամ 9,6%-ով։
Ըստ բանկային հատվածի իրացվելիության ցուցանիշների՝ դեկտեմբերի 28-ի դրությամբ կանխիկ գումարի աճը կազմել է 374.7 մլրդ ռուբլի։
Վիճակագրությունն արտացոլում է Կենտրոնական բանկից դուրս գտնվող բոլոր կանխիկ միջոցները, ներառյալ առևտրային բանկերի դրամարկղերում մնացորդները, սակայն միջոցների հիմնական մասը գտնվում է բնակչության ձեռքում:
Այսպիսով, տարեվերջին կանխիկ դրամի աճը կարող է կազմել մոտ 1.94 տրիլիոն ռուբլի, ինչն ընդհանուր առմամբ համեմատելի է 2022 թվականի ցուցանիշների հետ. բնակչության ձեռքում գտնվող կանխիկի ծավալը 2022-ին ավելացել էր 2,28 տրիլիոն ռուբլով՝ հասնելով 16,35 տրիլիոն ռուբլու։
Տնտեսագետների խոսքով՝ այստեղ շատ գործոններ կան: Առաջինը տարվա երկրորդ կեսի տոկոսադրույքի աճն էր, որն ազդեց կանխիկ դրամի պահանջարկի վրա, և կա նաև այն գործոնը, որ դեռ 2022 թվականից կանխիկ դրամի մեծ պահանջարկ կար։
Հունվարին կանխատեսվում է դրամական միջոցների ներհոսք դեպի բանկեր, քանի որ դեկտեմբերին ֆիզիկական անձանց կողմից ծախսված գումարները կուղղվեն մանրածախ ձեռնարկությունների հաշվեհամարներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում