Կառավարությունն ընդունել է ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը

2 Min Read

Կառավարությունն հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050 թ.) ռազմավարությունը:

Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Ռազմավարությունը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից:

Փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում կլիմայական չեզոքության հասնելու նպատակը: Կառավարությունը սույն ռազմավարությամբ վերահաստատում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տ CO2 համարժեք մակարդակ նվազեցնելու հավակնությունը:

Ռազմավարության ընդունմամբ Կառավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները՝

  • երկարաժամկետ օրակարգի ապահովում կլիմայական հանձնառությունների համար.
  • վաղ և կանխատեսելի ազդակների հաղորդում ներդրողներին և տնտեսության ոլորտներին՝ իրենց երկարաժամկետ գործողությունները պլանավորելու նպատակով.
  • զարգացման նպատակների համադրում կլիմայական գործողությունների հետ և հնարավորությունների համակարգված դիտարկում ողջ տնտեսության կտրվածքով.
  • տեխնոլոգիական առաջընթացի միտումներին համահունչ տնտեսական քաղաքականության մշակում՝ փոխակերպելով մարտահրավերները հնարավորությունների:

Ռազմավարությունն ընդգրկում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հինգ հիմնական ոլորտները (էներգետիկա, գյուղատնտեսություն, արդյունաբերական գործընթացներ, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում և թափոններ)՝ ըստ սցենարների ներկայացնելով քաղաքականության հիմնական ուղղությունները և ծրագրային նախաձեռնությունները:

Դրանք ուղղված են ոլորտների տեխնոլոգիական առաջընթացի և կայուն զարգացման ապահովմանը՝ միաժամանակ իրացնելով նույն ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մեծ ներուժը:

Դիտարկված երեք սցենարներն ուղենշային նշանակություն կունենան ձևավորված տեսլականին հասնելու ճանապարհին՝ ներդրված ջանքերի դիմաց համապատասխան արդյունքներ ակնկալելու և անհրաժեշտության դեպքում քաղաքականության ճշգրտումներ կատարելու տրամաբանությամբ:

Share This Article