Կառավարությունն հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050 թ.) ռազմավարությունը:
Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Ռազմավարությունը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից:
Փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում կլիմայական չեզոքության հասնելու նպատակը: Կառավարությունը սույն ռազմավարությամբ վերահաստատում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տ CO2 համարժեք մակարդակ նվազեցնելու հավակնությունը:
Ռազմավարության ընդունմամբ Կառավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները՝
- երկարաժամկետ օրակարգի ապահովում կլիմայական հանձնառությունների համար.
- վաղ և կանխատեսելի ազդակների հաղորդում ներդրողներին և տնտեսության ոլորտներին՝ իրենց երկարաժամկետ գործողությունները պլանավորելու նպատակով.
- զարգացման նպատակների համադրում կլիմայական գործողությունների հետ և հնարավորությունների համակարգված դիտարկում ողջ տնտեսության կտրվածքով.
- տեխնոլոգիական առաջընթացի միտումներին համահունչ տնտեսական քաղաքականության մշակում՝ փոխակերպելով մարտահրավերները հնարավորությունների:
Ռազմավարությունն ընդգրկում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հինգ հիմնական ոլորտները (էներգետիկա, գյուղատնտեսություն, արդյունաբերական գործընթացներ, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում և թափոններ)՝ ըստ սցենարների ներկայացնելով քաղաքականության հիմնական ուղղությունները և ծրագրային նախաձեռնությունները:
Դրանք ուղղված են ոլորտների տեխնոլոգիական առաջընթացի և կայուն զարգացման ապահովմանը՝ միաժամանակ իրացնելով նույն ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մեծ ներուժը:
Դիտարկված երեք սցենարներն ուղենշային նշանակություն կունենան ձևավորված տեսլականին հասնելու ճանապարհին՝ ներդրված ջանքերի դիմաց համապատասխան արդյունքներ ակնկալելու և անհրաժեշտության դեպքում քաղաքականության ճշգրտումներ կատարելու տրամաբանությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում