Կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ

11 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները:

Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի հիմնական նպատակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումն է: Հանրակրթության ոլորտում 2023թ. աշխատանքներն իրականացվել են 3 հիմնական ուղղություններով՝ բովանդակության կատարելագործում, մանկավարժների մասնագիտական զարգացում, ենթակառուցվածքների բարելավում։

Նշվել է, որ նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ, ներդրվել է տարակարգի շնորհման համակարգը: Նախադպրոցական համակարգում ամբողջությամբ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, ներկայումս մանկապարտեզ է հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1255 երեխա՝ 2022 թ. 229 երեխայի փոխարեն:

Նրանց կրթության ապահովման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, սեպտեմբերից այս խմբին միացել են նաև զինծառայողների երեխաները:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 2024 թ.-ի հունիսի 1-ը բոլոր գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա պաշտոնավարել: 2023թ.-ին հավաստագրմանը մասնակցել է 263 անձ։

Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ է իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները:

Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման շրջանակում շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է մոտ 4200 ուսուցիչ:

Ընդհանուր առմամբ, գործընթացի ներդրման երեք տարիների ընթացքում ատեստավորվել է 3830 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված՝ 200.000 դրամ դրույքաչափով, և ըստ ցուցաբերած արդյունքների, ստանում հավելավճար՝ 30-50 %:

Առաջին անգամ իրականացվել է նաև արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ատեստավորված 44 մասնագետներն ստանում են լրավճար:

«Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև մենք ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան այդ աշակերտները, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են և այնպիսի հարցեր են տալիս: Ես կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցի հետ: Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա, և այն, ինչ չգիտես, պետք է նաև դա իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»,- նշել է վարչապետը:

2023 թ. ներդրվել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն ուղղված երկու այլ ծրագիր ևս՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների 25% հավելավճարի տրամադրումը, որի շրջանակում շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 1 ուսուցչի հաշվով միջինում 32 000 դրամով և մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների խրախուսում, որի շրջանակում գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող 3987 ուսուցչից 2975 ուսուցչի աշխատավարձի ավելացում է եղել 0.5 դրույքի չափով՝ միջինում 1 ուսուցչի հաշվով 71 700 դրամից դարձել է 115 300 դրամ:

Հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը ներդրվել է 170 դպրոցում, որոնց տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023թ.-ին։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում կրթության բովանդակային և վարչատնտեսական գործառույթների կառավարումն առանձնացված է:

Սեպտեմբերից դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն նախկինում գործող երեխա-թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարան-թվով ֆինանսավորման, ինչն, ըստ պատասխանատուների, թույլ է տալիս առավել լավ պլանավորել ուսումնական գործընթացը։ Նոր ֆինանսավորմամբ նպատակային տողեր են առանձնացված նաև միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, լաբորատոր նյութերի և այլնի համար։

Ֆինանսավորման նոր մոդելով ուսուցչի 22 ժամ դրույքաչափը նոր չափորոշիչի ներդրվող դասարաններում հաշվարկում է տարրական դպրոցում 18 ժամ, միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։

Մարզերում գործող դպրոցների տարրական դասարանների բոլոր սովորողները` 135 hազար աշակերտներ, օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից; Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2025թ.-ից Երևանի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։ Շարունակվել է Կառավարության «300 դպրոց-500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը։ Հաստատվել է ծրագրում ընդգրկված 293 դպրոցների ցանկը, դպրոցների մեծ մասի շինարարությունը կմեկնարկի 2024թ. տարեսկզբին։

2023թ. ավարտվել են 29 դպրոցների և 114 մանկապարտեզների շինարարական աշխատանքները: Նոր կառուցված 29 դպրոցի մարզադահլիճի և 24 դպրոցի համար հատկացվել է գույք։ ԲՏՃՄ լաբորատորիաներով են համալրվել Արմավիրի մարզի 88 դպրոցներ և բոլոր նորակառույց դպրոցները:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Կառավարության կողմից հաստատվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագիտական կրթության որակը։ 13 ուսումնական հաստատությունում ընթանում են շինարարական աշխատանքներ, 7 հաստատություններ համալրվել են նոր գույքով։

Գերակա մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը. գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ուղղություններով սովորող ուսանողներին հատկացվել է 50 հազար դրամ կրթաթոշակ, որն ուղղակի ազդեցություն է ունեցել ընդունելության ցուցանիշների վրա: Շեշտվել է, որ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում ամենակարևոր աշխատանքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատումն ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումն է:

Օպերային թատրոնում արդեն իսկ կիրառվող ելույթավճարների նոր մոդելի արդյունքում նվագախմբի երաժշտի միջին ամսական աշխատավարձը կազմում է 333 000 դրամ, որից ելույթավճարը՝ 103 000 դրամ, աշխատավարձը՝ 230 000 դրամ: Աշխատավարձերն Օպերային թատրոնում նախորդ տարի աճել են 40 տոկոսով:

2023 թվականին 9 թատերահամերգային կազմակերպության հատկացվել է 507 մլն 977 հազ դրամ՝ գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով:

2023-ին իրականացվել է 18 կրթական-մշակութային նախագիծ, որում ընդգրկված են եղել 550 դպրոց, 21000 աշակերտ, իրականացվել է ներառական 5 ծրագիր՝ 1800 մասնակցով: Ներսես Շնորհալու մահվան 850-րդ (գիտաժողով, ցուցադրություն և հանդիսավոր համերգներ, այդ թվում՝ Հունաստանում, Վատիկանում) տարելիցը և Հայ կինոյի 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։

Անցկացվել են Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված խաչատրյանական ծրագիրը (65 համերգ, 12 երկրում, ցուցահանդեսներ և գիտաժողովներ), Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը (17-ից ավելի միջոցառում): 2024 թ. կարևոր հոբելյանական միջոցառումներից են` Շառլ Ազնավուրի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա հոբելյանական ցանկերում:

Թանգարաններում ներդրվել է տոմսերի նոր սակագնային փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք: Դպրոցական բաժանորդային ծրագրից 2023թ. ընդհանուր առմամբ օգտվել է 205 707 աշակերտ:

Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը՝ 44 մլն 320 հազար դրամ, հագեցվել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, նախարարության ենթակայության գրադարանների ու թանգարանների նյութատեխնիկական բազան:

Վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները: 14-ով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր 50 համայնքներում և Ջավախքում:

2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, մշակվել են հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը, որոնցից 3-ը 2024 թ. կտեղադրվեն: Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 կառույցի, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվել կամ վերականգնման ընթացքում է 10 հուշարձան:

Հաստատվել է Եվրոպայի Միության կողմից «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային աջակցության ծրագիրը (32 մլն եվրո): Զեկուցվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողների ընդհանուր թիվն աճել է 8.4%- ով՝ կազմելով 8333 ուսանող, որից 4229-ը՝ սփյուռքահայ (այդ թվում՝ պետպատվերով սովորող 330 սփյուռքահայեր): ՀՀ քոլեջներում, ուսումնարաններում սովորում է 563 օտարերկրյա քաղաքացի, որից 532-ը` սփյուռքահայ (2% աճ):

Մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է 2011 թվականից գործող օտարերկրացիների ընդունելության կարգը: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 գիտակրթական հաստատություններում, որոնցից 2-ը ծրագրում ընդգրկվել են 2023-ին (Թրակիայի Դեմոկրիտ համալսարան (Հունաստան), Սինալոայի համալսարանի (Մեքսիկա)):

Կազմակերպվել է սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում ծրագիրը, որն անցկացվել է 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ: 23 երկրի 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին:

2023թ.-ին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել ևս 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի ծրագրի մեկնարկից ի վեր շահառուների ընդհանուր թիվը կազմել է 8140։ 2023-ին 35 մարզական ֆեդերացիաներին Կառավարության կողմից հատկացվել է 1 մլրդ 755 մլն 300 հազար դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով):

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև Գյումրու Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր քաղաքներում և բնակավայրերում երիտասարդական կենտրոնների հիմնման աշխատանքները և նշել, որ ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ: Վարչապետը՝ խոսելով մարզային և քաղաքային գրադարանների մասին, նշել է, որ անհրաժեշտ է դրանց կառավարումն արտապատվիրակել ոլորտում փորձ ունեցող լավագույն ընկերություններին՝ վերջիններս շրջանում անցկացնելով համապատասխան մրցույթ:

 

Share This Article