Կառավարության նիստում սահմանվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացան, ընդ որում, պրոցեսը դեռ չի ավարտվել:
Նրա խոսքով, աշխատավարձերը կբարձրացվեն ընդհուպ 300 տոկոսով:
«Հարգարժան դոկտորներն ու գիտությունների թեկնածուներն իրենք պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են ու դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աշխատանքի հավելավճարները»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում փոխվում է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը:
«Երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկաստիճանի համակարգի, և այո, ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման ու դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում