Ցույցերին մասնակցելը աշխատանքից ազատման պատճա՞ռ․ Աննա Մանուկյանը դատարանում հաղթել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

1 Min Read
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և նախկին աշխատակից Աննա Մանուկյանի միջև շուրջ 1.5 տարի տևած դատավարությունն ավարտվել է Աննա Մանուկյանի հաղթանակով։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել` վերջապես ավարտվեց իմ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև շուրջ 1.5 տարի տևած դատավարությունը` ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ։
Վերաքննիչ դատարանը ՄԵՐԺԵՑ Հիմնադրամի անունից բերված բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ իմ օգտին կայացված վճիռը։
Հիշեցնեմ, որ 2022թ-ի մայիսին, ընդդիմության հանրահավաքների ակտիվ շրջանում, ինձ ազատել էին աշխատանքից, որտեղ ես նվիրումով աշխատել էի ավելի քան 10 տարի։ Աշխատանքից ազատման պատճառը հրամանում ձևակերպված էր աշխատաժամից 5 րոպե ուշացումը» նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Աննա Մանուկյանի աշխատանքից ազատման մասին հայտնի դարձավ 2022 թվականին ընդդիմության հանրահավաքների բուռն շրջանում։

«2012 թվականից աշխատում եմ իմ սիրելի հիմնադրամում՝ որպես ծրագրերի համակարգող։ Երեկ ստացել եմ աշխատանքից ազատվելու հրաման՝ ցույցերին մասնակցելու պատճառով։ Ցույցերին մասնակցել եմ բացառապես աշխատանքային ժամից հետո»,– ասել էր նա:

Կիսվեք այս հոդվածով