ՀՀ Կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել «Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:
Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջը հետաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:
Մինչ այդ ընկերությունները կարող են լիցենզավորման պարտադիր գործընթաց անցնել ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի նշանակության տարածքներում գործունեության համար՝ ներկայացնելով նախադպրոցական կրթական ծրագրի կամ ծառայության իրականացման նպատակով պահանջվող փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ նախադպրոցական ծառայություններ, այլընտրանքային ու հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները լիցենզավորվելու նպատակով պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան ծրագիր, որի՝ փորձաքննությամբ հաստատվելուց հետո ՀՀ Կառավարության 808-Ն որոշմամբ հաստատված փաստաթղթերի փաթեթը ներկայացնելով՝ դիմեն լիցենզավորման համար:
Փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային և թղթային տարբերակներով: Փորձաքննության ներկայացվող ծրագրի լեզուն հայերենն է:
Այն կազմակերպությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի կամ լիցենզիայի հայտ կներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն, կհամարվեն լիցենզավորման գործընթացի մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում