Կառավարությունը սահմանել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, նախագիծը նպատակ ունի նպաստել բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։
Ըստ հիմնավորման՝ սահմանված կարգով պետական աջակցություն է տրամադրվել թվով 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամ:
Արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ: Հաշվի առնելով, որ սահմանված կարգով ամսական միջինում տրամադրվում էր շուրջ 500,000,000 դրամի չափով պետական աջակցության գումար, որոշման բյուջեն կկազմի շուրջ 7,000,000,000 դրամ:
Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում