Տարածաշրջանում ո՞ր երկրներն են առաջատար պետական հատվածի թվայնացման համաթվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Չնայած այն հանգամանքին, որ մենք բարձր տեխնոլոգիական ոլորտը հռչակել ենք առաջատար ոլորտ, դեռևս բավականին աշխատանքներ կան անելու։ Հայաստանի Հանրապետությունը պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրի 2024թ-ին Հայաստանում թվային օրակարգն առաջ տանելու համար։ Այս առումով տարեվերջին հետաքրքիր հայտարարություններ է արել վարչապետ Ն․ Փաշինյանը՝ խոսելով թվային քաղաքացու հայեցակարգի մասին

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ թվային քաղաքացին այն անձն է, որն օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաներ հասարակության, քաղաքականության և կառավարության մեջ ներգրավվելու համար: Պատկերացրեք՝ որքան ժամանակ և գումարներ են ծախսվում ոչ թվային հասարակությունում։ Փաստորեն հիմա մարդկությունը հասել է այն մակարդակին, որ թվային տեխնոլոգիաների է՛լ ավելի մեծ ներգրավվածություն է պահանջվում։


Սաուդյան ընկերությունն առաջարկում է թվային փոխակերպում և թվային լուծումներ կառավարության համար


Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել Հայաստանի և մեր հեռու-մոտիկ հարևանների պետական հատվածի թվայնացման համաթիվը։

Այն հաշվարկվում է 4 ենթահամաթվերի հիման վրա՝  բազային պետական համակարգեր, պետական ծառայությունների մատուցում, թվային միջավայրին քաղաքացիների ներգրավվածություն, ինստ տուցիոնալ միջավայր։ Այս 4 հիմնական ուղղություններով գնահատվում է թվային տեխնոլոգիաների ներթափանցման աստիճանը պետական ծառայությունների, հարկային և բյուջետային  ոլորտներում, կրթությունում և առողջապահությունում։

Վարչապետի կողմից նշված թվային քաղաքացու հայեցակարգին ներգրավված լինելու աստիճանը հատկապես երևում է թվային միջավայրին քաղաքացիների ներգրավվածության ցուցանիշով։

Այսպիսով, նախ դիտարկենք պետական հատվածում թվայնացման համաթիվը 2022թ-ին․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ առաջատարներն են Ռուսաստանը՝ 0,897, Թուրքիան՝ 0,873, և Ղազախստանը՝ 0,817։

Հայաստանի արդյունքը՝ 0,722, բավականին բարձր է աշխարհի միջին մակարդակից՝ 0,552։
Հարավային Կովկասում առաջատար է Ադրբեջանը՝ 0,775, իսկ Վրաստանը երրորդ տեղում է՝ 0,608։
ԵՏՄ անդամ պետություններից ամենավատ վիճակում Բելառուսն է 0,407 արդյունքով։

ՈՒսումնասիրենք նաև իրավիճակը թվային միջավայրին քաղաքացիների ներգրավվածության համաթվի տեսանկյունից․

Այս դեպքում առաջատարներն են Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը, որոնց դեպքում համաթիվն արձանագրել է համապատասխանաբար 0,848, 0,841 և 0,828 արդյունքները։

Հայաստանի ցուցանիշը հաստատվել է 0,706 մակարդակում։ Այս ցուցանիշի մասով անհաջողակների եռյակը Բելառուսն է՝ 0,167, Իրանը՝ 0,497 և Վրաստանը՝ 0,499։

Նկատենք, որ թվային միջավայրին քաղաքացիների ներգրավվածության համաթվի ցուցանիշն աշխարհում միջինը  կազմել է 0,449։

Կիսվեք այս հոդվածով