Ռուսաստանում տեղի ունեցավ ԵՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախատոնական հանդիպումը։ Թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ԱՊՀ-ն այնպիսի կազմակերպություններ են, որոնք կենսական նշանակություն ունեն ՀՀ տնտեսության բնականոն զարգացման համար։
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների լարվածությունը, անշուշտ, իր բացասական ազդեցությունն է ունենում ընդհանուր հարաբերությունների վրա, սակայն ամեն կերպ փորձ է արվում տարաձայնությունները կոծկել։ Մասնավորապես, տարօրինակ է թվում այն ձևակերպումը, թե Հայաստանը նեղացել է ՀԱՊԿ-ից, սակայն դա չի վերաբերվում ԵՏՄ-ին։ Բոլորին էլ պարզ է, որ երկու այս կառույցներում երկրների կազմը գրեթե նույնն է։
Կարևոր ենք համարում նաև այն, որ ԵՏՄ-ում նախագահությունը անցնում է Հայաստանին, որը պետք է ամեն ձևով փորձի առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և գործել հօգուտ Հայաստանի։ Այս առումով ԵՏՄ նախատոնական հանդիպման որոշումներն էլ են կարևոր։
Անդրադառնանք 2024թ.-ի անելիքների շրջանակին և միջազգային համագործակցությանը․
Ինչ խոսք, ընտրվել է 2024թ-ի անելիքների բավականին ծավալուն ծրագիր։ Պետք է առաջնահերթությունը տալ այն ուղղությանը, որը Հայաստանին առավելագույն օգուտներ կբերի։ Այս առումով նկատում ենք, որ անելիքների ցուցակը ավելի շատ կարծես ՌԴ-ի և Բելառուսի պատժամիջոցների տակ ընկած տնտեսություններում լարվածության նվազմանն է ուղղված։ Սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանը պետք է շեշտադրումներն այնպես կառուցի, որ ամեն որոշում կայացվի ի օգուտ մեր տնտեսության։
Անելիքների ցանկում նշվում է այնպիսի միջոցառումների և մակրոքաղաքականության վարում, որը կապահովի գների կայունություն, փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնում, արժույթային ռիսկերի նվազեցում։ Վերջինս հատկապես կարևորվում է մեր տնտեսության համար, քանի որ մեզ համար կենսական նշանակություն ունեն թե՛ ներմուծման, թե՛ արտահանման շահավետ պայմանների ապահովումը։
Մյուս ուղղության իրագործման արդյունքում պետք է հասնել համատեղ գիտական հետազոտությունների իրականացման, բարձրտեխնոլոգիական արտադրության տեղայնացման, թվային տեխնոլոգիաների զարգացման ապահովմանը։
Թվային օրակարգը մեզ համար ունի բացառիկ նշանակություն և այս հարցում ԵՏՄ մյուս անդամների ներուժը ի շահ Հայաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման օգտագործելը բացառիկ առաջնահերթություն է։
3-րդ գործողության իրականացման արդյունքում պետք է հասնել արդյունաբերական համագործակցության, բարձրտեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացման, էներգախնայողության ոլորտում՝ համագործակցության խորացման։ Նշվածներից բոլորն էլ մեզ համար կարևոր են, սակայն հատկապես հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտում ինովացիոն ծրագրերի դիտարկումը, ինչպես նաև էներգախնայողությունը, որը պետք է ապահովի ՀՀ էներգետիկ անկախությունը։
4-րդ գործողության արդյունքում պետք է հասնել միության ներսում խոչընդոտների վերացմանը, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանն ու ընդլայնմանը։ Այստեղ հատկապես կցանկանանք նշել, որ պետք է բացառվեն անդամ երկրների ապրանքների նկատմամբ անհիմն պահանջները։ Օրինակ, ռուս գործընկերներն ամիսներ առաջ կոնկրետ զբաղված էին ՀՀ արտահանողների համար անսպասելի ու անցանկալի խնդիրների ստեղծմամբ, օրինակ՝ ձուկ արտահանելիս նշել ձկան տարիքը, որի բացակայության պատճառով ապրանքը հետ էր վերադարձվում։
ԵՏՄ իմաստը և զարգացման ուղին ամբողջությամբ փոխադարձ առևտրում արգելքների վերացումն է։ Եվ ցուցակի վերջում կարևորվում է այլ երկրների, կազմակերպությունների և այլ միավորումների հետ համագործակցության ընլայնումը։
- Կարծում ենք, որ ԵՏՄ ներսում առկա խնդիրներն այնքան շատ են, որ պետք է կենտրոնանալ ներքին զարգացման ապահովման վրա, սակայն դրան զուգահեռ նաև ձևավորել կապեր այլ երկրների հետ։