ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի 17 միջոցառումների փոխհատուցումը կիրականացվի պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով:
Այս մասին նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ այսօր արդեն օֆերտային սկզբունքով բաշխվում է 27 միջոցառմամբ հատկացված գումարի 44 տոկոսը, որը կազմում է մոտ 52 միլիարդ դրամ:
«Նշված փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվող բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը և միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները: Նշեմ, որ մեր այս նախագծով դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակը, և մենք ևս անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին»,- ասել է նախարարը:
ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ այսինքն՝ այս տարի այլևս չի լինի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որով իրականացվում են նախնական բաշխումներ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար:
«Մենք կունենանք ընդհանուր բյուջե, և այդ բյուջեն կծախսվի՝ ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության, այսինքն՝ նրանք, որ հիվանդանոց կգան, ծառայություն կստանան, «Արմեդում» այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումը, և պրոցեսները կլինեն ըստ այդմ, և մենք կունենանք ծառայությունների մատուցման տիպային ինչ-որ պայմանագիր, և նրանք, ովքեր ուզում են միանալ, կտեսնեն այդ պայմանագիրը և կորոշեն, որ ուզում են միանալ»,- ասաց վարչապետը:
Նախարար Ավանեսյանը պարզաբանել է, որ մինչ այս ամենը բժշկական կենտրոնի համար նախատեսված էին նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր, իսկ այսուհետ բժշկական կենտրոնները կփոխհատուցվեն ըստ մատուցած ծառայությունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում