Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն:
Նա հավելել է, որ նույնկերպ պետք է էլեկտրոնային ստորագրություն անել։
«Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել ու համոզված լինել, որ ով ներկայանում է պետական մարմնին, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է»,- ասել է վարչապետը:
Նա կարևորել է նաև հեռախոսով, ինտերնետի միջոցով ամենատարբեր գործարքներ ազատ իրականացնելու հնարավորությունը:
«Հաջորդ քայլը պետք է լինի շարժական ID ընդունումն ու թողարկումը, ինչը նշանակում է, որ մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այն պիտի պահի տանը, որ չկորչի, և մնացած բոլոր դեպքերում պետք է հնարավորություն տանք, որ թվային, բջջային հավելվածի միջոցով կարողանա օգտագործել նույնականացման տվյալը»,- ասել է նա։
Վարչապետը կարևորել է նաև կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելը այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չլինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում