Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը մասնակիցներին ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու 2024 թ. տնտեսական աճի մարտահրավերները, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև ներդրումային և արտահանման քաղաքականությանը, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, օրենքների կիրարկման խնդիրներին, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին ու մարտահրավերներին։
«Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։