72 սպանդանոցներում սպանդի է ենթարկվել միջինում օրական 15 տոննա խոշոր եղջերավոր կենդանի. ՍԱՏՄ

28 Դեկտեմբերի, 2023
2 Min Read
72 սպանդանոցներում սպանդի է ենթարկվել միջինում օրական 15 տոննա խոշոր եղջերավոր կենդանի. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է Ամանորյա տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ից սկսած վերահսկողությունը մսի իրացման շուկայում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից
Անցած 12 օրերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները մշտադիտարկում են անցկացրել հանրապետության իրացման ցանցի 247 մսի վաճառքի օբյեկտներում:
Խախտումների բնույթը շարունակում է մնալ նույնը. արձանագրությունների կեսից ավելին փաստում են, որ մսեղիքը չի նույնականացվում անասնաբուժական 5-րդ ձևի հետ, այսինքն՝ մսի վրա բացակայում է իննանիշ դրոշմակնիքը, մի շարք դեպքերում էլ վաճառքի հանված մսեղիքը չի ունենում անասնաբուժական 5-րդ ձևը, իսկ մասնատված և սառնարան-ցուցափեղկերում ներկայացված միսը՝ տեղեկատվական թերթիկը:
Թույլ տված խախտումների համար տնտեսվարողները կկրեն վարչական պատասխանատվություն, իսկ միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Իրականացվող մշտադիտարկումների ընթացքում Տեսչական մարմնին աջակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, որոնց ժամանակ արձանագրվել են թե՛ ոչ սպանդանոցային ծագման մսեղիքի, թե՛ սահմանված բոլոր պահանջներին համապատասխանող մսեղիքի տեղափոխման դեպքեր:
Իրավական ակտերի փոփոխության և իրականացված վերահսկողության արդյունքներն առավել տեսանելի-առարկայական են, երբ դիտարկում ենք սպանդանոցային մորթի դինամիկան հոկտեմբերի 1-ից մինչ այսօր. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներտնտեսային և ծառայություններ մատուցող 72 սպանդանոցներում սպանդի է ենթարկվել միջինում օրական 15 տոննա խոշոր եղջերավոր կենդանի և 12 տոննա խոզ:
Իսկ դեկտեմբերի 15-ից մինչ այսօր սպանդի է ենթարկվել միջինը օրական 78 տոննա խոշոր եղջերավոր կենդանի և 34 տոննա խոզ: Նաև 3-ով ավելացել է ծառայություն մատուցող սպանդանոցների քանակը՝ մորթ է իրականացրել 75 սպանդանոց:
Ակնհայտ է, որ վերջին 12 օրերի ընթացքում սպանդանոցներում իրականացված սպանդի քանակը, ընդհանուր առմամբ, օրական միջինն ավելացել է 3-5 անգամ:
«Հիշեցնում ենք, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն