Երևանի 5-ամյա զարգացման նախագծից բացի՝ քաղաքապետարանը մշակել է նաև Երևանի 1-ամյա զարգացման նախագիծ:
Այն Երևանի ավագանու՝ նիստին ներկայացրել է քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Հարությունյանը:
«2024 թվականին տրանսպորտի ոլորտում նախատեսվում է իրականացնել մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, 249 հատ՝ 19-մետրանոց, և 171 հատ՝ 8.5-մետրանոց նոր ավտոբուսների, 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար՝ լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահների ցուցատախտակների տեղադրում»,- ասել է Մերի Հարությունյանը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է իրականացնել էլեկտրալիցքավորման 420 կայանի կառուցման ու էլեկտրաբուսների լիցքավորման աշխատանքների կազմակերպում: Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շուրջ 600 վերելակի փոխարինում, հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգում:
Նախատեսվում են բակային տարածքների բարեկարգումներ, օրինակ՝ Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է 200 բակային տարածքի վերանորոգում և հիմնանորոգում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում