Տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում:
Այս հարցը Երևանի ավագանու նիստին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:
«Առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ ավտոկանայատեղիներում կայանելու համար մոդելի մեջ կատարում ենք արմատական փոփոխություն, մտցնում ենք զոնավորում, քաղաքը բաժանում ենք 2 զոնայի՝ Ա և Բ (Կենտրոն և Արաբկիր – խմբ.), և սահմանում ենք գոտիավորում նաև տվյալ զոնաների շրջանակում և սահմանում ենք առանձնացված դրույքաչափեր: Ա զոնայի համար 1 ժամվա համար սահմանում ենք 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ: Բ գոտում ներառված փողոցներում կայանելու համար առաջարկում ենք սահմանել 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ»,- ասել է Արման Ջհանգիրյանը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարինե Աբգարյանը հետաքրքրվել է, թե ինչ հիմքով են սահմանվել վերոնշյալ վճարների չափերը: Ըստ Արման Ջհանգիրյանի՝ 160 հազար դրամի համար, օրինակ, հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես՝ Թբիլիսիի փորձը: Օրինակ՝ Թբիլիսիի Կենտրոնում կայանելու համար տարեկան վճարը 800 լարի է, իսկ Մոսկվայում՝ 4000 ռուբլի:
«Մենք ունենք 15 րոպե անվճար կայանելու հնարավորություն, միաժամանակ ավագանու կողմից առաջարկվել էր ներկայումս 24:00-ից 09:00 անվճար կայանելը դարձնել 22:00-ից 09:00-ը, այսինքն՝ քաղաքացին երեկոյան՝ ժամը 10-ից հետո, անվճար կայանելու հնարավորություն է ստանում կարմիր գծերում: Մոդելը դա է: Սա ֆիսկալ նպատակ չունի, հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա»,- ասել է Ջհանգիրյանը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Արամ Թորոսյանն էլ առաջարկել է 1 տարով հետաձգել որոշումը՝ կարծիք հայտնելով, որ նախ պետք է ավարտին հասցնել ավտոբուսների միասնական համակարգի բարեփոխումները, նոր նման որոշում կայացնել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, ասելով, որ ճիշտ է, սա դժվար ընդունված որոշումներից է, և կարելի է նաև սպասել, բայց հաջորդիվ գործելու է միասնական տոմսային համակարգը, ուստի պետք է բոլոր փոփոխությունները հերթով կատարել՝ Երևանի կենտրոնը մեքենաներից բեռնաթափելու և հանրային տրանսպորտին առավելություն տալու համար:
«Մեկ ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի մարդ է տեղավորվում: Վստահեցնում եմ՝ այս որոշումները բավարար չեն լինելու ամբողջական բեռնաթափման համար: Մենք հետո գալու ենք, նոր սահմանափակումների մասին քննարկումներ ունենանք»,- ասել է քաղաքապետը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ ասել է, որ ընդդիմությունը, դեմ քվեարկելով, կարող է տապալել հարցի քվեարկությունը, նաև նշել, որ այն խմբակցությունները, որոնք կմիանան այս նախագծի ընդունմանը, նրանք ևս պետք է պատասխանատվություն կրեն որոշման համար:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ առաջարկել է առհասարակ հանել կարմիր կետագծերը մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից:
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը էլ առաջարկել է նախագծի ընդունման դեպքում 3 ամիս ժամանակ սահմանել, և եթե այդ ընթացքում մայրաքաղաքում բեռնաթափման առումով բան չփոխվեց, ապա ընդհանրապես հանել կարմիր գծերը Երևանի կենտրոնից:
«Սիրելի՛ երևանցիներ, դուք կարող է այս հարցով ինձ հետ համաձայն չլինեք, բայց ես պատասխանատու եմ այս որոշման համար, և ամբողջ պատասխանատվությունն այս որոշման ընկնում է անձամբ ինձ վրա, այս թանկացման համար պատասխանատուն էլ անձամբ ես եմ»,- հայտարարել է Ավինյանը:
Նախագիծն ընդունվել է 32 կողմ, 3 դեմ ձայներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում