Երևանի ավագանին քննարկում է քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանն ասել է, թե տպավորություն է, որ հաստիքացուցակը կրճատվում է, բայց 787 աշխատակցից դառնում է 812։ Ըստ նրա, երբ կատարվում է կառուցվածքային բարեփոխում, պետք է թվաքանակն իջնի, գործառույթները վերաբաշխվեն։
Արձագանքելով այս հարցին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է խորհրդատուների ինստիտուտի ներդրումը:
«Մենք ունենք 5 ճարտարապետ՝ խորհրդատուների տրամաբանությամբ, որոնք ամեն չորեքշաբթի 9։30 ինձ և համապատասխան վարչությունների հետ իրականացնում են նիստեր, և այդ մարդկանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը։ Այդ բոլոր հարցերը, որ վերաբերում են շինարարությանը, ճարտարապետահատակագծային առաջադրանքներին, շինթույլտվություններին, այդ ֆիլտրով են անցնում։ Մենք ունենք պլանավորված գեղագիտական խորհուրդ։ Այսինքն, մասնագիտական խմբեր են ստեղծվում։ Հիմնական հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի, բայց մնացած բոլոր տեղերում կտեսնեք կրճատում»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում