Մեր ընթերցողները մեզ հետևում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից, որտեղ դեկտեմբերի 25-ին տոնում են Սուրբ Ծնունդը։ Իրապես, հարազատ և հաճելի տոն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր բազմաթիվ ընթերցողների համար։ Նկատենք, որ, առհասարակ, Սուրբծննդյան տոնակատարությունների անցկացման օրերի տարբերությունը չի փոխում տոնի բնույթը։
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն, անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոն:
Դարերի ընթացքում ձևավորվել են տոնը նշելու բազմաթիվ ավանդույթներ՝ ավանդական տոնածառեր, ծննդյան տեսարաններ, պատարագներ, նվերներ ու խնջույքներ: Տոնական այս շրջանում սկսում են ակտիվանալ տոնավաճառները՝ խաղալիքների, տոնական լույսերի, քաղցրավենիքի, աքսեսուարների և թեմատիկ հուշանվերների։
Սակայն, ամենագլխավորներից է տոնածառերի շուկան։ Այստեղ հանրության շրջանում կարծիքները բաժանվում են․ մի մասը կողմ է գնել արհեստական տոնածառեր, իսկ մյուս մասը՝ բնական։ Արևմուտքի խոշոր տնտեսություններից երեքում՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, հարցվածները հետևյալ կերպ են մոտեցել հարցին․
Եվրոպայի մի շարք երկրենրում և ԱՄՆ-ում քաղաքացիները զգալի ժամանակ են ծախսում տոնական տոնածառների ընտրության վրա։ Այստեղ երկու բևեռ է ձևավորվել, որը նաև Հայաստանում է առկա։ Արհեստական տոնածառների կողմնակիցները մատնանշում են բնությունը պաշտպանելու և ծախսերը կրճատելու անհրաժեշտությունը։ Մինչդեռ բնական եղևնու սիրահարները լրիվ հակառակ կարծիքին են և կարևորությունը տալիս են բնական լինելու հանգամանքին։
Շատերի կարծիքով այս աշխարհում արհեստականն ու ֆեյքը այնքան շատ է, որ այս տոներին հնարավորինս պետք է բնական լինել և բնականին հնարավորինս մոտ գտնվել. դա վերաբերում է թե՛ տոնածառերին, թե՛ տոնական ուտեստներին ու զարդարանքին, և թե՛ մարդային փոխհարաբերություններին։
Վերադառնալով վիճակագրությանը՝ նկատենք, որ դեռևս 2023թ-ի հոկտեմբերին 18-64 տարեկանների շրջանում իրականացված հարցումների արդյունքներով Գերմանիայում բնական տոնածառ է պատրաստվում դնել հարցվածների 44%-ը, իսկ արհեստական՝ 27%-ը։
Պատկերը փոխվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Այսպես, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում բնական տոնածառեր են պատրաստվում դնել հարցվածների համապատասխանաբար 24%-ը և 17%-ը, իսկ արհեստական ծառեր՝ համապատասխանաբար 45%-ը և 62%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում