Արդեն մոտենում են տարվա ամենասպասված տոները՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Այս տոներին, որպես կանոն, հայերս սիրում ենք նախապատրաստվել հավուր պատշաճի: Դե իսկ ի՞նչ տոներ՝ առանց գնումների: Այս պայմաններում բոլորին մտահոգում են տարբեր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունները։
2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները ՀՀ-ում նվազել են 0,5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5%-ով։ Գների աճի դադնաղեցման, 0-ին մոտ գնաճի և նույնիսկ գնանկման այս գործընթացներն սկսել են արձանագրվել դեռևս 2023թ-ի հունվար և փետրվար ամիսներից հետո։ Կարծում ենք, որ այս իրավիճակին ականատես կլինենք նաև դեկտեմբերին։ Սակայն, Հայաստանում հատկապես կարևոր տոներից առաջ դիտվում է որոշ ապրանքների և ծառայությունների մասով էական գնաճ։
Գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում. նոյեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Չնայած, ներկայումս տոները վայելելու և լիցքաթափվելու համար հատկացված է ընդամենը 3 օր, և այն լարվածությունը, որ տիրում էր նախորդ տարիներին, բավականին թուլացել է։
Ինչևէ, հիմք ընդունելով այն փաստը, որ 2023թ-ի դեկտեմբերի գների փոփոխությունների մասին կտեղեկանանք 2024թ-ի հունվարին, ուսումնասիրենք, թե նախորդ տարի դեկտեմբերին ինչպես են փոփոխվել գները։
Առաջին հերթին ուսումնասիրենք գների փոփոխությունները 2022թ-ի դեկտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ խոշոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ի դեկտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ գնաճը Երևանում կազմել է 9,1%։ Հրազդանում, Վաղարշապատում և Վանաձորում կազմել է համապատասխանաբար 8,3%, 7,5% և 7,4%։ Գնաճի ամենացածր մակարդակը դիտվել է Եղեգնաձորում՝ 6,5%։
2022թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ խոշոր քաղաքաներում բավականին զգալի գների աճ է նկատվել տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ, հանգիստ և մշակույթ, ինչպես նաև տարբեր ապրանքներ և ծառայություններ ոլորտներում։
Ինչպիսին են գնաճային սպասումները 4-րդ եռամսյակում. Ինֆոգրաֆիկա
Դիտարկենք գների փոփոխությունները ՀՀ խոշոր քաղաքներում 2022թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ․
Ինչպես փաստում են վիճակագրական տվյալները, 2022թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճը բոլոր խոշոր քաղաքաներում հաստատվել է 1% մակարդակում։ Չնայած այս ընդհանուր վիճակագրությանը՝ 2022թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՀՀ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում նկատվում է գների զգալի աճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում. ամենամեծ աճը՝ 3%, արձանագրվել է Արտաշատում, նվազագույնը՝ Երևանում և Կապանում՝ 2,3%։ Զգալի գնանկում է դիտվել տրանսպորտի ոլորտում։ Վերջինումս ամենամեծ անկումը նկատվել է Արտաշատում՝ -3,5%, իսլ ամենափոքրը՝ Եղեգնաձորում և Գավառում՝ -0,6%։
- Այսպիսով, կրկին նշենք, որ վերը գրված գների փոփոխությունները վերաբերում են 2022թ-ի դեկտեմբերին։ Կարծում ենք՝ 2023թ-ին ձևավորված գնային դաշտում դժվար թե նույնությամբ կրկնվեն նախորդ տարվա դեկտեմբերի գնաճերը, սակայն որոշ ոլորտներում կարող է միտումների կրկնություն լինել։ Հետևապես, հիշեցնելով գների փոփոխությունները տարբեր ոլորտներում հենց դեկտեմբեր ամսին՝ փորձում ենք մեր ընթերցողներին զգոն պահել և հնարավորություն տալ իրենց ծախսերը կազմակերպել ավելի մտածված։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում