Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։
Այս մասին այսօր, խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ բոլոր ավտոբուսների վրա տեղադրվել են համապատասխան սարքեր, դրանք կտեղադրվեն նաև տրոլեյբուսների վրա.
«Դրանք տեղադրված են նաև մետրոյի բոլոր կայարաններում՝ երկուական անցարգելների վրա։ Բոլորը չենք կահավորվում, որովհետև բոլոր կայարաններում նոր անցարգելներ ենք ունենալու, և դրանք հագեցած կլինեն սարքերով»,- ասել է նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, թե կարևոր է սարքերը և QR կոդերը փորձարկել մինչև ամբողջական նոր տոմսային համակարգի անցնելը:
«Հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր հնարավորություն, ունենալու ենք տոմսային նոր պրոդուկտներ՝ օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսեր, կգործեն տարատեսակ սակագներով, և կարևոր է, որ մինչև այդ պրոդուկտին անցնելը՝ փորձարկենք համակարգն ու վստահ լինենք, որ բոլոր խնդիրները, որոնց մասին քաղաքացիները ահազանգում են, լուծված են, և անցումը կլինի ավելի սահուն ու հանգիստ»,- ասել է Ավինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում