«Հանրագիտարան փողի մասին» մանկական գիրքը հասանելի է հայերեն լեզվով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read
Դեկտեմբերի 21-ին Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում կայացավ «Հայբուք» հրատարակչության «Հանրագիտարան փողի մասին» մանկական գրքի շնորհանդեսը։ 
2008 թվականից Կենտրոնական բանկը՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, իրականացնում է Ֆինանսական կրթման ծրագիրը, որի նպատակը ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է: Ֆինանսական գրագիտության բարձր մակարդակը նպաստում է անձնական բարեկեցությանը, որին հասնելու համար՝ ըստ հետազոտությունների, անհրաժեշտ է վաղ տարիքից սկսել ծանոթանալ ֆինանսների աշխարհին:
Փողի մասին մանկական այս հանրագիտարանի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել այն մասին, թե ի՞նչ է փողը, ինչպե՞ս գրագետ տնօրինել այն, ինչպե՞ս փող աշխատել և կարողանալ այն մտածված ծախսել։
Հանրագիտարանը թարգմանվել է անգլիական հեղինակավոր «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության նույնանուն անգլերեն տարբերակից։ Հանրագիտարանի հեղինակը՝ Կալպանա Ֆիթսպատրիկը, մրցանակակիր լրագրող է՝ ֆինանսական լրագրության ոլորտի մեծ փորձով։ Գրքի ստեղծմանը մասնակցել է նաև խմբագիրների, դիզայներների և նկարիչների մի մեծ խումբ, որոնց շնորհիվ գիրքը ներկայանում է գունագեղ տեսքով և հետաքրքիր բովանդակությամբ։
Երեխան, կարդալով այս գիրքը, կծանոթանա մի շարք ֆինանսական թեմաների, ինչպիսիք են, օրինակ՝ մտածված կառավարել իր գրպանի փողը, պլանավորել իր նպատակները և ֆինանսները, խնայել և ներդրումներ կատարել, ճանաչել և զգուշանալ խարդախություններից, ինչպես նաև ֆինանսական աշխարհին վերաբերող այլ թեմաներ։

Կիսվեք այս հոդվածով