Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված ծառայությունների ծավալներն աճել են 6,3%-ով

2 Min Read

Տարեվերջին կառավարությունը երկու կարևոր որոշում ընդունեց խաղատների մասով։ Նկատենք, որ Հայաստանում 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված ծառայությունների ծավալների մասնաբաժինը կազմում է ՀՀ-ում մատուցվող ծառայությունների ծավալների 8,3%-ը։ Սա մատնանշում է այս ոլորտի կարևորությունը հանրության շրջանում և նրանում շրջանառվող մեծ ծավալների գումարները, որոնց մի մասը հարկերի ձևով գալիս է բյուջե։

Կառավարության մեկ որոշման համաձայն՝ Հայաստանոմ կարգելափակվեն արտասահմանյան առցանց խաղատների կայքերը, որոնք գործում են առանց լիցենզիայի, իսկ մյուսի պարագայում՝  ՀՀ քաղաքացի չհանդիսացողները (մասնավորապես՝ զբոսաշրջիկները) կկարողանան խաղադրույքներ կատարել և շահումներ ստանալ արտարժույթով։ Այս երկու օրենքները անմիջապես կբարելավեն ոլորտում գործող տեղական ընկերությունների վիճակը։

Նկատենք, որ խաղատների հետ կապված ՀՀ հասարակությունում կան արմատացած բավականին բացասական տրամադրվածություններ։ Սակայն, պետք է հասկանալ, որ սա էլ է տնտեսության համար կարևորագույն ոլորտ, որտեղ գործում են բազմաթիվ տնտեսվարողներ, առկա է հսկայական զբաղվածություն, շրջանառվում են մեծ գումարներ, որոնցից մի մասը վերադառնում են պետբյուջե։


ՀՀ-ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը


Ուսումնասիրենք ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին․

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված ծառայությունների ծավալներն աճել են 6,3%-ով՝ կազմելով մոտ ֏184 մլրդ կամ  մոտ $446 մլն։ 

Դրանցում 6% մասնաբաժին ունի խաղատների գործունեությունը։ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ խաղատների գործունեության ոլորտում ծառայությունների ծավալներն աճել են 2,9 անգամ կազմելով՝ ֏10,3 մլրդ կամ $25,1 մլն։

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված ծառայությունների ծավալներում 94% մասնաբաժին ունի վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և  բուքմեյքերական  գործունեության կազմակերպումը։ Վերջինումս մատուցված ծառայությունների ծավալները  2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5%-ով՝ կազմելով ֏173,2 մլրդ կամ $421,3 մլն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով