Շարունակում ենք ներկայացնել Հայաստանում բնակվող ազգությունների վերաբերյալ վիճակագրությունը, որը հրապարակվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից 2022թ-ի մարդահամարի արդյունքներով։ Հիշեցնենք, որ նախորդ վերլուծությունում անդրադարձել էինք առհասարակ Հայաստանում մշտապես բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների թվաքանակին։
Վերջին 20 տարիներին Հայաստանի քաղաքների բնակչությունը նվազել է 18.4%-ով
Նկատենք, որ 2022թ-ի դրությամբ Հայաստանում ապրող եզդիների թվաքանակը կազմել է 31,077, ռուսներինը՝ 14,074, ասորիներինը՝ 2,754, քրդերինը՝ 1,663, ուկրաինացիներինը՝ 1,005, հնդիկներինը՝ 593, պարսիկներինը՝ 434, հույներինը՝ 365, վարցիներինը՝ 46 և այլ ազգություններինը՝ 2,070 մարդ։
Հիմք ընդունելով վիճակագրական այս տվյալները՝ ուսումնասիրենք վերոնշյալ ազգությունների տարիքային կազմը․
Ինչպես վկայում են կատարված հաշվարկները, 0-9 տարեկանները ամենաշատը քրդերի շրջանում են՝ 19%։ Այսինքն 0-9 տարեկանների մասնաբաժինը ՀՀ-ում մշտապես բնակվող քրդերի շրջանում կազմել է 19%, որը մյուս ազգությունների համեմատ ամենաբարձր մակարդակն է։
10-19 տարեկաններով առաջատար են եզդիները և քրդերը, որտեղ 10-19 տարեկանների մասնաբաժինը կազմել է 16%։
20-29 տարեկանների թվաքանակով առաջատար են հնդիկները։ 30-39 տարեկանների ամենամեծ տեսակարար կշիռը ունեն վրացիները՝ 23%։
40-49 տարեկանների մասով առաջատար են պարսիկները՝ 28%։
50-59 տարեկանների մասով առաջատար են եզդիները և ուկրաինացիները՝ 12%։
60 և ավելի տարիքով բնակչության տեսանկյունից առաջատար են վրացիները՝ ՀՀ-ում մշտապես բնակվող վրացիների ընդհանուր թվաքանակի 42%-ը։
Դիտարկենք ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությունների թվաքանակի կազմը՝ ըստ սեռի.
Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, կանանց և տղամարդկանց թվաքանակի ամենամեծ շեղումները դիտվում են ուկրաինացիների, պարսիկների, հույների և վրացիների պարագայում։ Վերոնշյալ ազգություններում կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռները յուրաքանչյուր ազգության բնակչության ընդհանուր թվաքանակում կազմել են համապատասխանաբար 69% և 31%, 29% և 71%, 63% և 37%, 79% և 21%։
Բնակչության թվաքանակում կանանց և տղամարդկանց թվաքանակների կշիռների ամենափոքր տարբերությունը դիտվել է ասորիների մոտ՝ համապատասխանաբար 49% և 51%։
Եվ վերջում ուսումնասիրենք Հայաստանում մշտապես բնակվող ազգությունների թվաքանակը քաղաք/գյուղ համատեքստում․
Հաշվարկները ցույց են տալիս, որ 2022թ-ի դրությամբ գյուղում ապրող հնդիկներ չունենք։ Պարսիկների ընդամենը 1%-ն է բնակվում գյուղում։ Այս պատկերին հակառակ՝ ասորիների, քրդերի և եզդիների համապատասխանաբար 87%-ը, 86%-ը և 79%-ը բնակվում են գյուղերում։
- Ամփոփոելով՝ նշենք, որ վերլուծված ցուցանիշները կարևոր նշանակություն ունեն համապատասխան պետական քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Առաջին հերթին ազգային փոքրամասնությունների կարիքների բավարարման իմաստով։ Բացի այդ՝ ազգային փոքրամասնությունների տարքիային, սեռային և տարածաշրջանային կազմի ուսումնասիրությունը կարևոր է ազգային անվտանգության բոլոր բաղադրիչների տեսանկյունից։